Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը Հայաստանի` ճահճում թաղված տնտեսությունն էլ ավելի խորն է թաղելու: Եկեք պարզ կերպով ու հնարավորինս հակիրճ հասկանանք՝ ինչ է տեղի ունենալու թանկացման դեպքում: Կոմունալ վճարումների մեջ ամենամեծ բաժինն ունեն գազն ու էլեկտրաէներգիան. գազը չի էժանանալու, իսկ երկրորդը հնարավոր է թանկանա 40%-ից ավել: Կոմունալ վճարները, սնունդն ու առաջին անհրաժեշտության ապրանքները ցանկացած տնային տնտեսությունում` ընտանիքում կատարվող առաջին ու «պարտադիր» ծախսերն են: Եթե ռեալ նայենք, հնարավոր չէ էականորեն կրճատել հոսանքի ծախսը, այսինքն՝ մարդիկ ստիպված հենց թանկացման չափով ավել են վճարելու: Իսկ քանի որ մեր տնտեսությունը գնալով չի աճում, գործազրկությունն ավելանում է, քան կրճատվում, աշխատավարձերը չեն բարձրանում, ու մարդու միջին եկամուտը նվազում է` գոնե չի ավելանում, նշանակում է ընտանիքը սկսելու է այլ բաների վրա խնայել` ավելի լավ հագուստ, ավելի լավ սնունդ, հանգիստ և այլն` սպառողի տեսանկյունից կլինի կենսամակարդակի անկում: Անցնենք արտադրական ու առևտրային ոլորտներին: Արտադրությունում հասկանալի պատճառով ավելի բարձր ինքնարժեքով արտադրանք է առաջարկվելու, ինչը երկու պատճառով քիչ է սպառվելու` գինը բարձր է, և սպառողի բյուջեն՝ դրա համար նախատեսված, ավելի քիչ է: Այսինքն՝ ավելի պարզ ասած, եթե սպառողի մոտ «պարտադիր» ծախսերից հետո նախկինում մնում էր ասենք բյուջեի 30-35 % -ը, հիմա կմնա 25-30 %-ը, որով էլ կկարողանա գնել X, Y, Z ապրանքներից` բնականաբար ավելի քիչ, համապատասխանաբար 1100, 5500 ու 11000 դրամով, նախկին 1000, 5000, 10000 դրամի փոխարեն: Թանկանալու են ապրանքները նաև առևտրային միջնորդների մոտ, այսինքն՝ վրադիր տոկոսադրույքներն ավելի մեծ են դառնալու: Դա հասկանալու համար բավական է ուղղակի ծանոթանալ միջին ու մեծ, հատկապես մթերային խանութների ընդհանուր ծախսերի մեջ էլեկտրաէներգիայի վրա կատարվող ծախսումներին: Բնականաբար, լուսավորությունը, կաթնամթերքի, մսամթերքի, պաղպաղակի, զովացուցիչ ըմպելիքների պահպանման համար բավական շատ էլեկտրաէներգիա է ծախսվում, իսկ 40% հնարավոր թանկացումն իրեն զգացնել կտա: Թանկացումն էլի ավելի վատ վիճակի կբերի բոլորին: Կորուստներն ու վնասները տնտեսության մեջ կլինեն շղթայական ու տասնապատիկ անգամ ավել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/766067523491426?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել