Newsline.am-ը գրում է.

Եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆն արդեն 3 տարի տառապում է Ալցհայմերի հիվանդությունից։ Նրա վիճակն օրեցօր վատանում է: Դերասանի որդին` Թարեք ալ-Շարիֆը, իսպանական El Mundo պարբերականի հետ զրույցում պատմել է, որ հիվանդության պատճառով հայրը կորցրել է հիշողությունը: Ճիշտ է, նա դեռ գիտակցում է իր ճանաչված լինելը, սակայն չի հիշում` ինչի համար են մարդիկ իրեն ջերմ ընդունում, կամ թե` որ ֆիլմերում է նկարահանվել, մոռանում է ընկերների անունները և այլն: Մեծ դերասանը չի հիշում նաև, որ իր կինն արդեն մի քանի ամիս է՝ ողջ չէ, ու անընդհատ նրա մասին է հարցնում: 

«Վիճակը գնալով վատանում է, բայց 82-ամյա հայրս չի ցանկանում ընդունել հիվանդության փաստն ու հրաժարվում է բուժումից»,- ասել է Շարիֆի որդին:

Հիշեցնենք, որ Օմար Շարիֆը 2 անգամ արժանացել է  «Ոսկե գլոբուսի» («Դոկտոր Ժիվագո», «Լոուրենս Արաբիացի») 1 անգամ` «Օսկարի» («Լոուրենս Արաբիացի»)։ 2003-ին Վենետիկի կինոփառատոնը նրան «Ոսկե առյուծ» է շնորհել` համաշխարհային կինեմատոգրաֆում մեծ ներդրում ունենալու համար, ստացել է նաև հանդիսատեսի համակրանք մրցանակը («Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները»): 2004-ին «Սեզար» է ստացել տղամարդու գլխավոր դերի համար («Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները»): Ընդհանուր առմամբ, Շարիֆը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում։ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո` Թուրքիան արգելել է նրա մուտքը երկիր։

Որպես թեմայի շարունակություն, նշենք, որ Ալցհայմերով հիվանդ հոր մասին հիանալի պատմություն է գրել ավստրիացի ժամանակակից գրող Առնո Գեյգերը: Այդ` «Ծեր թագավորն իր աքսորավայրում» ինքնակենսագրական գրքում նա նկարագրում է, թե հոր հիվանդությունից հետո ինչպես է նորովի ճանաչել նրան  ու մտերմացել հետը: Հեղինակը տող առ տող մեզ համոզում է, որ հիվանդ մարդն էլ մարդ է` անօգնական, բայց` արժանապատիվ: «Երեկոն մոտեցնում է այն ամենի կանխազգացումը, ինչ առավոտն է իր հետ բերելու: Իսկ մութն ընկնելու հետ վախը պատում է հայրիկին: Այդ ժամանակ հայրիկը մոլորված, անօգնական ու անհանգիստ է, նա նման է իր աքսորավայրում ապրող ծեր թագավորի: Այդ ժամանակ նրա աչքին ամեն ինչ երկյուղալի է, երերուն, անկայուն, և կարծես սպառնում է, որ հաջորդ պահին կտարրալուծվի: Եվ ոչինչ նրան տանը լինելու զգացողություն չի ներշնչում»: 

Խորհուրդ ենք տալիս ընթերցել Առնո Գայգերի «Ծեր թագավորն իր աքսորավայրում» վիպակը. հավատացեք, ավելի լավ կհասկանաք ծերունական թուլամտությունից տառապող մարդուն և, առհասարակ, մարդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել