Աշոտ Ցոլակի Նավասարդյանը ծնվել է 1950 թ. մարտի 28-ին Երևանում: Տասնութ տարեկանից անդամագրվել է ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ): 1973-ից ԱՄԿ խորհրդի անդամ է եղել: Երեք անգամ ձերբակալվել և 12 տարի անցկացրել է ազատազրկման մեջ՝ պայքարելով ազատության համար: 1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության համար մղված մարտերին‘ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի: Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։ 1990-ին «Անկախության բանակ»-ի և Ազգային Միացյալ Կուսակցության մի շարք նվիրյալ ակտիվիստների հետ հիմնել է Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը: 1990-ին ընտրվել է ՀՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին։ Եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 1995-ից Ազգային ժողովի պատգամավոր էր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։ 1996թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին եւ ստացել ռազմավարի որակավորում։ Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997թ. նոյեմբերի 3-ին... Հավե՛րժ հիշատակ Քեզ, նվիրյա՛լ ցեղակրոն: