Բարեւ ձեզ։ Եթե դուք եկել եք «սիրո մասին» արտահայտության վրա, փակեք էջն ու անցեք ձեր գրողի տարած գործին։ Սա սիրո մասին գրառում չի։ Ամեն դեպքում ոչ էն սիրո մասին, որին ձեզ սովորեցրել, վարժեցրել են։

Մարդիկ տարիների, տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում ինչքան ուժ ունեցել, աղավաղել են «սեր» բառն իրան տալով լիքը իրականությանը չհամապատասխանող իմաստներ։ Էնպես են աղավաղել, որ սերն ինձ համար արդեն միայն կաթի հետ ա ասոցացվում։ Իսկ կաթից ես զզվում եմ։

Վերցնենք ընդունված սիրո ցանկացած տարատեսակ։ Ծնողական սեր։ Հա, ես չեմ բողոքում, չեմ ասում, որ ինձ փոքր ժամանակ ծեծել են, վատ են վերաբերվել, սոված են պահել։ Ինձ լիքը ուշադրություն են դարձրել, ամեն կերպ աշխատել են տալ էն ամենը, ինչի կարիք ունեցել եմ։ Բայց ես չեմ կարծում, որ դա ա իրական ծնողական սերը։ Սիրելը մենակ գրկելով, պաչելով չի լինում։ Սերը ենթադրում ա սիրվող օբյեկտի հանդեպ որոշակի հետաքրքրություն, հետաքրքրություն իր անհատականության հանդեպ։ Իսկ անհատականությամբ հետաքրքրվելու դեպքում դու շահագրգռված ես լինում, որ էդ անձը զարգանա, աճի, հասկանա, թե ինչ ցանկություններ ունի, ինչով ա ուզում զբաղվել, իր կյանքը ոնց ա պատկերացնում, ինչ ուղղությամբ ա պատրաստվում շարժվել։

Ծնողների մեծ մասը հենց փոքր տարիքից ամեն ինչ անում են, որ երեխաները մեծանան որպես իրենց պատճեն, լինեն իրենց պատկերացումներին համապատասխան, մտածեն ինչպես իրենք, ինքնուրույն չլինեն։ Իհարկե դա ներկայացվում ա որպես հոգատարություն, բայց էդ նույն ծնողները հավանաբար չեն պատկերացնում, որ էդպես իրենք ստիպում են երեխաներին հետագա ամբողջ կյանքի ընթացքում կախված լինել իրենցից։ Կամ պատկերացնում են ու մտադրաբար են էդպես վարվում։ Չգիտեմ։

Սիրո տարածված սխալ ընկալումներից մյուսը՝ աղջիկների ու տղաների միջեւ եղած տարվածությունը։
Իրականում իրենցից շատերը չեն էլ հասկանում սիրելն ինչ ա։ Երկու շաբաթ իրար հետ պտտվում են, հետո ասում, որ սիրահարված են, հետո որոշում բացի պտտվելուց նաեւ ձեռք բռնել, համբուրվել, քնել իրար հետ, արդյունքում էս ամենը ձգվում ա մի քանի ամիս, տարի, որի ընթացքում իրենք հասցնում են մի լավ իրար տանջել, ցավացնել, դավաճանել, խաբել, խաղեր խաղալ, մանիպուլյացիա անել, խանդել։ Ու ոչ մի մաքուր զգացում, ոչ մի նրբություն, ոչ մի ջերմություն։

Երբ որ ինչ-որ մեկին արտաքնապես հավանում եմ, մտածում եմ՝ հա, մոտեցար, ծանոթացար, հետո՞։ Լավ, եթե բախտդ բերեց ու մի քիչ խելացի մարդ եղավ, հետը մի քանի բանից խոսել ստացվեց, հետո՞։ Ենթադրենք, խոսեցիք, ընդհանուր լիքը բան ունեցաք, է հետո՞։ Ինչ ես անելու։ Ժամանակ կանցնի, կտեսնեմ ինչ եմ անելու։ Չէ, ինձ ժամանակ պետք չի, ես հենց էս պահին էլ գիտեմ, որ ոչ մի բան չեմ անելու։ Ինձ պետք չի ինչ-որ մեկով հրապուրվել, տարվել, ինձ պետք չի սիրահարվել, փորձել հարաբերություններ սկսել։ Ինձ ինչ պետք էր ես արդեն ունեցել, ապրել եմ։ Ու չեմ կարծում, որ դրանից ավելի ուժեղ բան ես երբեւէ կկարողանամ զգալ, ունենալ, էդքան բացվել, տալ ու էդքան տվածն ընդունել։

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել