Այսպիսով, սկանդալային «Օֆշորի» գործի նախաքննությունն ավարտված է, ու ինչպես և ակնկալվում էր՝ մեղադրյալների աթոռին միայն Աշոտ Սուքիասյանն է, ում կարծես հիմնովին ամրագրել են քավության նոխազի դերը։ Որքան էլ դա տխուր լինի մեր հասարակության ու արդարադատության համակարգի համար, բայց դժվար թե երկրում գտնվի մեկը, ով անկեղծորեն հավատում էր, որ այս սկանդալային գործում մեղադրանքներ կառաջադրվեին նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի հանդեպ։
Բոլորի համար ակնհայտ էր, որ նրանք ջրից չոր են դուրս գալու, նույնիսկ այն բանից հետո, երբ տարբեր ձևերով ասվեց ու փաստարկվեց, որ առանց նրանց իմացության այդ համատեղ հաշիվը պարզապես չէր կարող բացվել, և դա փաստեց նաև Կիպրոսի գլխավոր դատախազը։ Իրականում այս ողջ պատմության մեջ խնդիրը շատ ավելի խորն է, քան զուտ խոշոր կոռուպցիոն գործարքի բացահայտումը։
Տեսեք, թե քանի հիմնարար դեր ու նշանակություն ունեցող ինստիտուտներ են վարկաբեկվում այս պատմությամբ։ Մի կողմից, խայտառակություն է, երբ երկրիդ վարչապետի՝ փաստացի երկրորդ ամենաազդեցիկ մարդու անվան հետ այսպիսի ակնհայտ խայտառակ պատմություն է կապվում։ Սա ոչ միայն անձամբ Տիգրան Սարգսյանի խնդիրն է, այլև գործադիր մարմնի ու գլոբալ առումով հայաստանյան իշխանությունների։ Ամեն նման դեպք խորացնում է ժողովրդի անվստահությունը պետական այրերի ու իշխանությունների հանդեպ, ու հիմա մի քանի սերունդ սրբերի իշխանություն էլ ունենանք, այդ վստահությունը չի վերականգնվի։
Երկրորդը՝ դա իհարկե մեր արդարադատության համակարգն է, որը հերթական անգամ ցույց է տալիս ընտրողական մոտեցում ու արդարության ոտնահարում իրականացված պետական մակարդակով։ Ախր անգամ կոծկելուն ձև կա, ու կարելի էր գոնե ձևական ներգրավել բոլոր կողմերին՝ որպես մեղադրյալներ, հետո դատավարության ընթացքում մեղքը չապացուցված համարել։ Այս գործով հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում արդարադատությունը միայն ձու գողացողների համար է, իսկ ձի գողացողները վեր են այդ ամենից։
Վերջապես, Հայ առաքելական եկեղեցին... չեմ ուզում ծավալվել, իրոք չեմ ուզում, բայց ժամանակին, երբ նման բարձրաստիճան հոգևոր այրերը սկանդալների մեջ էին հայտնվում, ինքնակամ հեռանում էին ասպարեզից, որպեսզի ոչ մի կերպ չնպաստեն Եկեղեցու անվան սևացմանը, իսկ Կճոյանի պետքն էլ չէ՝ ոնց գլամուրային տերտեր կար, այնպես էլ մնացել է։