Չնայած նրան, որ տարին մեկնարկել էր տնտեսական ծանր պայմաններում, կառավարության կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ մշտապես լավատեսական էին: Տնտեսական աճի վերաբերյալ կառավարության լավատեսությունը փոխանցվել է նաև Կենտրոնական բանկին։
Երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում վերջինս տարեսկզբին ներկայացրած կանխատեսումները վերանայել է աճի ուղղությամբ։ Սույն քայլը պայմանավորված է տնտեսության մեջ արձանագրված, փաստացի սպասված ցուցանիշների ավելի դրական զարգացումներով։
Հատկանշական է, որ տարեսկզբին ԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ սպասվող տնտեսական աճը տատանվում էր 0,4-2%-ի սահմաններում: Անցած 4 ամիսների արդյունքում մենք ունեցել ենք 2.8% տնտեսական աճ, որն էլ ԿԲ-ի համար հիմք է հանդիսացել բարձրացնել ոչ միայն նվազագույն, այլև առավելագույն աճի ակնկալիքը: Վերը նշվածը հաշվի առնելով՝ Կենտրոնական դրամատունը կանխատեսում է, որ տարեկան տնտեսական աճը Հայաստանում կտատանվի 1,6-2,6% սահմաններում։
Մասնավորապես, տնտեսական աճի կանխատեսումներն ավելացել են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում՝ համապատասխանաբար տատանվելով 1,5-2,5% նախկին 1-1,6%- փոխարեն և 6,5-7,5% նախկին 3,5-4,5%-ի փոխարեն:
Հուսանք, որ այս միտումը կշարունակվի, և տնտեսության ակտիվացումը շոշափելի կլինի բոլոր քաղաքացիների համար: