Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին մեկ թեկնածուի առաջադրման փաստին, նշել է, որ «Հայաստանն աստիճանաբար վերադառնում է ֆեոդալական ժամակահատված»:
ՏԻՄ ընտրություններին մեկ թեկնածուի առաջադրումն իսկապես մտածելու ու խորհելու բազմաթիվ հարցեր է առաջ բերում, սակայն ընտրությունների նախադեպը ցույց է տալիս, որ անկախությունից ի վեր անկախ մարդու իրավունքների և ազատությունների իրական վիճակից ընտրությունները միշտ էլ մրցակցություն ապահովում են: Եղել են նախագահական ընտրություններ, որոնց 12 թեկնածու է առաջադրվել:
Այլ բան է, որ ի հեճուկս համապետական ընտրությունների՝ ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերն առանձնապես կարևորություն չեն տալիս կամ լուրջ չեն մոտենում, ինչի արդյունքում շատ համայնքներում կամ ընտրություններին մասնակցում է մեկ թեկնածու կամ այնպիսի թեկնածուներ, որոնք լավագույն դեպքում են 1-2 կուսակցություն՝ հիմնականում ՀՀԿ (որոշակի ակտիվություն դրսևորում է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, սակայն նվազ):
Լավ է, որ Արմեն Մարտիրոսյանին՝ որպես քաղաքական ուժի փոխնախագահ, հետաքրքրում է սակավ մրցակցության հարցը, սակայն Մարտիրոսյանը ոչինչ չի ասում իր կուսակցության՝ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անհետաքրքրություն դրսևորելու մասին:
Ինչո՞ւ Աբովյանի, Ալավերդու, Արտաշատի ընտրություններին ընդդիմադիր որևէ ուժ չի մասնակցում, ինչո՞ւ Ժառանգությունը հետաքրքրություն չի դրսևորում այդ ընտրությունների նկատմամբ:
Ե՛վ քաղաքական, և՛ բարոյական իմաստով Արմեն Մարտիրոսյանն իրավունք կունենար խոսել մրցակցության ապահովման մասին, եթե Ժառանգությունը թեկնածու առաջադրեր, իսկ նրա համար արհեստական խոչընդոտներ ստեղծվեին կամ ճնշումներ գործադրվեին: Նույնը վերաբերում է նրա ընդդիմադիր գործընկերներին:
Իսկ քանի ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը մասնակցություն չի ապահովում, այն հայտարարությունները, որոնք հնչում են նույն այդ ընդդիմության շուրթերից, բացառապես սեփական ֆիասկոն քողարկելու նպատակ են հետապնդում: