-Կյա՛նք, ինչո՞ւ ենք սկսել հաճախ դժգոհել քեզանից: Նույնիսկ ուժեղներս ենք սկսել հաճախ քննադատել քեզ: Ինչ-որ բա՞ն է փոխվել:-Չի՛ փոխվել, դուք եք փոխել:
Օգտվելով առիթից, որ ձեր ձեռքում եմ, փոխեցիք ինձ ու հայացքներս ձեր հանդեպ:
-Հմմմ... Շատ վտանգավորն ես դարձել, ավելին՝ առավել քան երբևէ անկանխատեսելի:
-Չեմ ժխտի: Մարդիկդ անշնորհակալ եք, գաղափար չունեք ինչպես տնօրինել ձեզ ընծայվածը:
Գիտե՞ս, կար ժամանակ, երբ նման էի հոսանքալարի, որն իր վրա ուներ բաց տեղեր (իհարկե, միմյանցից բավականին հեռու, անանցանելիությունը հեշտ դարձնելու համար), դժվար ոչինչ չկար, ուղղակի պետք էր առաջ գնալ, քայլել մտածված ու հիմնավոր` հաղթահարելով բաց տեղերը: Հարկ եղած դեպքում նույնիսկ օգնում էի, անջատում էի հոսանքը կամ մահացու քայլի դեպքում թուլացնում այն, սպանելու փոխարեն ճիշտ ապրելու նոր հնարավորություն տալիս: Հա մեկ-մեկ ցավեցնում էի զգոն պահելու համար, բայց երբ արածս ճիշտ էր ընկալվում, կրկնակի ապահովում էի երջանկության ներկայությունը, ավելացնում ուրախության չափաբաժինը: Հա, այդպիսին էի... Իսկ հիմա ուղղակի անհնար է համոզել զգայուն աչքերիս աչք փակել մարդկային հիմարությունների վրա ու անկախ ամեն ինչից՝ նվիրվել նրանց: Մարդիկ չարաշահում են բարությունս` առանց հասկանալու, թե ինչքան հրաշալի ձեռքբերում է ինձ ունենալն ու վայելելը, դժգոհում են կամ ինձ մղելով հետին պլան` հենվում են ընկերոջս` ճակատագրի վրա: Իսկ ես նման բաներից քայքայվում եմ:
-Հասկանում եմ քեզ: Երբեմնի հոսանքալարը վերածվել է շատ բարձր տեղում կապված փշալարի` ոլորված, փշոտ ու մռայլ: Վերջինիս վրայով քայլելու համար ոտքերդ պետք է օծես համարձակությամբ, հոգուդ ներարկես ուժ, ճակատիդ գրես հավատ, ուղեղիդ տաս ճիշտ ընթացք, սրտիդ` դիմացկունություն ու համբերություն, ծնկներիդ` չկոտրվելու ու անկախ ամեն ինչից նորից կանգնելու ու շարժվելու ունակություն: Ամեն ինչ բարդացել է...
-Հետաքրքիր մեկնաբանություն էր ու ինչ-որ չափով մոտ իրականությանը: Այժմ քայքայվելու կամ ինձ ավելորդ զգալու ցանկություն բնավ չունեմ: Բավականին մտերմացել եմ Իրականության հետ ու կիսում եմ Փոխադարձության քարոզած «Ինչպես դու ինձ, այնպես ես քեզ» ՚՚՚՚՚՚՚՚՚՚կարգախոսը:
- Չեմ մեղադրում քեզ, բայց կուզենայի դուրս գայիր չարացած կերպարից. զոհերը շատ են: Նույնիսկ անմեղներն են տուժում:
- Երբ ես առաջարկում եմ իմ ուղին, այն էլ ոչ խրթին ու երբ սեփական անձին մի քիչ նեղություն տալով կարելի է լուծել ամեն բան, մարդիկ լքում են ինձ ու խելակորույս նետվում թշնամուս` մահվան գիրկը: Թող ձեզ չթվա, թե ինձ համար հաճելի է կորցնել մարդկանց, հակառակը, չափազանց դժվար է լռեցնել խղճիս, երբ ձեր իսկ սխալ քայլը տանում է ձեզ կործանման: Հասկացեք մի բան` ես էլ բնույթով այսպիսին եմ, ունեմ դրական ու բացասական կողմեր, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը: Ու եթե ես ձեզ հանդուրժում եմ նույնիսկ ծայրահեղ դեպքերում, բարի եղեք գնահատել ինձ:
-Կյա՛նք, հասկանում եմ քեզ: Ես ինձ ուժեղ մարդ եմ համարում, կարողանում եմ հաղթահարել ինձ բաժին հասած դժվարությունները, բայց երբեմն կուրանում եմ անգույն հագուստներիցդ, ինչու՞ ես քեզ թիրախ ընտրում ուժեղներիս: Ինչ խաղն ավելի հետաքրքի՞ր է մեզ հետ, թե՞ նախանձում ես կամ գուցե մեզ քեզ հակառակո՞րդ ես համարում:
-Խա՞ղ: Տեսնում եք՝ ինչքա՜ն մակերեսային կարծիք ունեք իմ մասին: Հա մի անգամ եմ տրվում, բայց դա չի նշանակում, որ կարելի է ամեն ինչ կողքի դնել ու անզգայի նման ապրել: Վերջապես հասկացեք մի բան` ես չեմ տրվել ձեզ կոտրելու համար: Սովոր եք ողղակի հաշվել միայն բացասականը, իսկ ես այնքա՜ն դրական եմ:
-Չեմ ուզում սխալ հասկանաս ինձ: Ես ինքս սիրում ու գնահատում եմ քեզ ու չեմ ուզենա կորցնել: Դու անչա՜փ քաղցր ես , դու ունես այն ինչ ես սիրում եմ, դու կաս նրանց մեջ առանց ում ես ոչինչ եմ: Պետք չէ նեղվել մեզանից, պահի ազդեցության տակ ժամանակավոր փոխվում ենք, քեզ փնովում, բայց ուշքի գալուց հետո քեզ ավելի ու ավելի ենք սիրում: Արի կլինի ավելի պայծառ հագուստներ սկսիր կրել ու ավելի լայն ժպտա:
-Ես քո նկարագրածից շատ ավելի գեղեցիկ եմ, ուղղակի տեսնել է պետք: Կիսաբաց աչքերով ինձ մի՛ նայեք ու ոչ էլ հրեշ դարձրեք: Հա մի բան էլ, ինձ ունեք յուրաքանչյուրդ, բոլորիդ մոտ լրիվ այլ եմ, քանի որ կախված եմ հենց ձեզանից ու կուզենամ յուրաքանչյուրդ ապրեք ձերը...
-Երևի արդեն լռեմ...
-Փոխի՛ր հայացքներդ, ուղղակի կրկնելը, որ դու ուժեղ ես, շատ քիչ է: Ապրի՛ր կյանքդ մարդուն վայել ձևով..
Անի Ավետիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել