Ոլորտի զարգացմանը վերաբերող հարցերը քննարկել տեղում, անմիջական արտադրողների հետ, ծանոթանալ առկա խնդիրներին և ընթացիկ ծրագրերին, համատեղ գտնել խոչընդոտներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս աշխատաոճը նորություն չէ, հերթականն էլ այցն էր Պռոշյանի կոնյակի գործարան, որտեղ գործադիրի ղեկավարն արտադրության հնարավորություններին ծանոթանալուց հետո անկաշկանդ զրույց ունեցավ գինեգործական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Գինեգործության ոլորտում իսկապես խնդիրներ կան, որոնք հատկապես նաև կապված են հայկական գինիների ավանդական շուկայում՝ Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսների հետ. ռուսական ռուբլու արժեզրկում, արտահանման ծավալների կտրուկ անկում և այլն: Այս պայմաններում կարող է վտանգվել նաև խաղողի նոր բերքի մթերումը: Եվ բնական է, որ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնում գինեգործներին աջակցել ոլորտի զարգացման, արտադրության և արտահանման ծավալների ավելացման հարցում:
Գինեգործներն իրենց հերթին ներկայացրել են առկա խնդիրները, մասնավորապես հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրական դաշտի բարելավման, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպման և այլ հարցեր:
Վարչապետը խոստացել է հետևողական լինել տնտեսվարողների բարձրացրած յուրաքանչյուր օբյեկտիվ խնդրի լուծմանը և արհեստական խոչընդոտների վերացմանը, համապատասխան հանձնարարություններ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:
Ճշմարիտ լինելու համար ասենք նաև, որ գործարարների բարձրացրած շատ հարցերի շուրջ կառավարության հետևողական աշխատանքի արդյունքում թե հարկային և թե մաքսային վարչարարության, օրենսդրական դաշտի բարելավման, թե արտահանման խթանման ուղղությամբ որոշակի փոփոխություններ կան, և այս առումով կարելի է ասել, որ պետություն- մասնավոր համագործակցության դաշտում գործադիրն իր պարտականությունները հիմնականում կատարում է:
Մտահոգիչ է մնում այն հանգամանքը, թե ինչու աշխարհում ամենահին գինին արտադրող երկրներից մեկը լինելով՝ արտաքին շուկայում մեր արտադրանքը հաճախ չի դիմանում մրցակցությանը՝ հատկապես որակական և քանակական հատկանիշներով: Եվ, որքան էլ տարօրինակ է, հայկական գինիները սպառման առումով դեռևս իրենց արժանի տեղը չունեն նաև ներքին շուկայում:
Սպառողն իրավացիորեն ակնկալում է որակով և մատչելի արտադրանք: Դրա համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, արտադրության հմուտ կազմակերպիչներ, ժամանակակից տենդենցներին տիրապետող մենեջերներ, ինչը պետք է ապահովեն տնտեսվարողները: Միայն այս դեպքում կառավարության աջակցությունը կարող է հավելյալ արդյունքներ գրանցել: