Համատեղ աշխատանքի շնորհիվ
Երեկ առանձնահատուկ օր էր բոլորիս համար. հանրապետության կրթական հաստատություններում, ժամանցի վայրերում, հրապարակներում Վերջին զանգի միջոցառումներ անցկացվեցին, որոնց մասնակցում էին հազարավոր շրջանավարտներ, ծնողներ, մանկավարժներ և, իհարկե, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք ուժեղացված ծառայություն էին կատարում հանրապետության ողջ տարածքում: Տոնական, բայց և պատասխանատու օր էր բոլորի համար, իսկ ոստիկանության պարագայում՝ գերպատասխանատու հանձնառություն՝ ապահովել մեր երեխաների անվտանգությունը, անել առավելագույնը՝ անցանկալի միջադեպերը բացառելու համար:
Մեր նախնական գնահատմամբ՝ ոստիկանության ծառայողները պատշաճ կատարեցին իրենց աշխատանքը. ոչ մի տհաճ, առավել ևս՝ դրամատիկ միջադեպ չի գրանցվել միջոցառումների ընթացքում, ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար՝ երեխաների մասնակցությամբ: Եվ սա բոլորիս ձեռքբերումն է. ոստիկանությունը միայնակ իր այս հանձնառությունը ողջ ծավալով կատարել չէր կարող:
Շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին, որոնց հարյուրավոր հեռախոսազանգերն ուղղորդեցին և իրավիճակային օպերատիվ լուծումներ հուշեցին ոստիկանությանը զանգվածային միջոցառումների ընթացքում:
Շնորհակալություն ծնողներին, որ անսալով ոստիկանության հորդորներին՝ գործուն մասնակցություն ունեցան միջոցառումներին և իրենց ներկայությամբ բացառեցին պատանեկան անխոհեմության հնարավոր դրսևորումները:
Շնորհակալություն մանկավարժական կոլեկտիվներին, որոնք ոստիկանության հետ միասնաբար աշխատեցին և՛ Վերջին զանգին նախորդող օրերին, և՛ բուն հանդիսությունների ընթացքում:
Ցավոք, արձանագրվեցին նաև օրինահարգության ու խոհեմության անտեսման որոշ դրսևորումներ, և իրավախախտները պատասխանատվության են ենթարկվել: Բայց դրանք մասնավոր դեպքեր են, գլխավոր ձեռքբերումը՝ որ հասարակության ու ոստիկանության միասնական ջանքով վերջին տարիներին իրականություն ենք դարձնում այսպիսի խոշոր միջոցառումներն առանց միջադեպերի կազմակերպելու բոլորիս նպատակը: Համոզված ենք, որ այս ընթացքը կպահպանվի նաև այս օրերին և ավանդույթ է դառնալու:
Կրկին շնորհավորում ենք մեր համաքաղաքացիներին գեղեցիկ տոնի առթիվ և շրջանավարտներին մաղթում բարի ճանապարհ դեպի մեծ կյանք:
ՀՀ ոստիկանություն