Ermenegildo Zegna-բրենդ, որն ասոցացվում է որակի հետ, բայց առաջին հերթին այն ստատուս է:

Եվրոպայում շատ հաճախ կարող եք լսել նաև այս արտահայտությունը՝ «Ermenegildo Zegna ընտրած տղամարդն այլևս ոչինչ չի փնտրում»: Zegna-ն այն եզակի բրենդներից է, որ տղամարդկանց առաջարկում է հիանալի տեսք ունենալու համար ամեն ինչ՝ հագուստից մինչև տարբեր աքսեսուարներ:

Ermenegildo Zegna-ն էլեգանտ և շքեղ տղամարդու հագուստների ամենագլխավոր բրենդներից մեկն է աշխարհում, եթե ոչ ամենագլխավորը: Այս բրենդը կրում են հոլիվուդյան աստղերից մինչև նախագահներ: Արտադրության ավանդույթներին հավատարիմ մնալը, բարձրորակ կտորեղենն ու դիզայնը երաշխավորում են Ermenegildo Zegna-ի կայուն տեղը տղամարդու դասական հագուստի շուկայում: «Հզոր ընտանիքը ստեղծում է հզոր ընկերություն, հզոր ընկերությունը՝ հզոր ընտանիք». Էրմենեջիլդո Զեյնայի այս խոսքերը Zegna ընկերության փիլիսոփայության հիմքն են:

Այսօր ընկերությունն ամեն նորաձևության սեզոնին մոտ 350 տեսակ կտորեղենով է ներկայացնում և անհատական մոտեցումներ է ցուցաբերում իր հաճախորդների նկատմամբ: Այսինքն՝ անհատն ինքն է պատվիրում իր ուզած գույնի, ձևի կոստյումն ու աքսեսուարները, որոնք պատրաստվում են նրա մարմնի չափսերին համապատասխան: Անհատական մոտեցումը թույլ է տալիս բոլոր գնորդներին զգալ այն գերազանցությունը, որը բրենդը փոխանցում է իրենց. ամեն ինչ անել, միայն թե լինի գնորդի ճաշակով: Ermenegildo Zegna-ի կոստյումն իսկապես մեծ ներդրում է՝ 800—ից 5000 դոլարի ներդրում, որն ունի 10 տարվա երաշխիք:

Քչերը գիտեն, որ հանրահայտ Gucci և Versace նորաձևության տների տղամարդու թանկարժեք  կոստյումները նույնպես կարվում են Ermenegildo Zegna-ի ֆաբրիկաներում, դե իսկ մնացած հանրահայտ տների մասին էլ չխոսենք, քանի որ նրանք էլ բացառություն չեն և նույնպես օգտվում են Zegna-ի ֆաբրիկաներից կամ կտորեղենից: Կարելի է կեղծել համարյա ամեն ինչ, անգամ հայտնի բրենդների արտադրանքը, բայց, օրինակ, լավ կոստյում կեղծելն անհնար է, քանի որ այն կարող է շատ թանկ նստել, իսկ կեղծիքը հիմնվում է էժան հումքի վրա: Ուստի Zegna բրենդի կոստյումները կեղծելու համար շատ ջանքեր պետք է թափվեն, ինչն անարդյունավետ է կեղծողների համար:

Բայց ի՞նչ քայլերի հիման վրա ստեղծվեց այս հսկան: Ահա այս գրառման միջոցով կպարզենք Ermenegildo Zegna-ի հաջողության գաղտնիքը:

Էրմենիջիլդո Զեյնա

Ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1910 թվականից, երբ Իտալիայի հյուսիսային քաղաքներից մեկում՝ Տրիվերոյում, մի երիտասարդ հորից ժառանգություն է ստանում 3 կարի մեքենա: Էրմենիջիլդո Զեյնան 20 տարեկան էր, երբ այդ երեք կարի մեքենաներով հիմնեց բարձրորակ կտորի և տղամարդու հագուստի արտադրությամբ զբաղվող համանուն ընկերությունը՝ մտնելով մի շուկա, որը մինչև այդ անգլիացիների ու շոտլանդացիների ձեռքին էր: Հենց սկզբից Զեյնան գիտակցեց, որ բարձրորակ ապրանք ստեղծելու համար պետք է շատ ջանքեր գործադրել: Այդ պատճառով, ընկերության հիմնադրումից ի վեր, այստեղ օգտագործվում են միայն բարձրորակ հումք և նորագույն տեխնոլոգիաներ, որոնք, ի դեպ, հենց սկզբում ձեռք էր բերել մրցակիցներից՝ բրիտանացիներից: 1930 թվականին Զեյնան ուներ արդեն մոտ 1000 աշխատակից, ինչը հսկայական թիվ էր այդ փոքրիկ քաղաքի համար:

Շուտով այդ աշխարհից կտրված վայրը, որտեղ տեղակայված էր գործարանը, սկսեց գրավել արիստոկրատների ուշադրությունը: Զեյնան էլ ուներ այն գործարարի հոտառությունը, որն անհրաժեշտ էր տվյալ պարագայում և մտածեց, թե ինչպե՞ս անի, որ այս եռուզեռից օգտվի ավելի շահութաբեր տարբերակով: Եվ նա գտավ ելքը. որոշեց, որ չպետք է կենտրոնանալ միայն գործարանի վրա և սկսեց մեկը մյուսի ետևից բացել կինոթատրոն, մարզադահլիճ, գրադարան, մանկապարտեզ, բժշկական կենտրոն և այլն: Բայց Զեյնայի իրական մեծությունը նրանում էր, որ սկսեց մտածել նաև կապի մասին, ի դեպ 1930-ականներին: Այսինքն՝ ինչպե՞ս անել, որ Տրիվերոն միանա խոշոր քաղաքներին: Եվ արդյունքում ստեղծվեց Panaroarmica Zegna ճանապարհի շինությունը, որը Տրիվերոն միացնում էր Իտալիայի ամենահայտնի հանգստյան վայրերից մեկին՝ Բիելմոնտեին, որն, ի դեպ, զբոսաշրջիկների համար Տրիվերոն գրավելու հիանալի քայլ էր:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել