Դարձյալ հրատապ է դարձել Հայաստան ժամանած սիրիահայերի խնդիրը: Դարձյալ սիրիահայերը եկել ու բախվել են կեցության ու աշխատանքի հիմնախնդիրներին:
Կարծես պատասխան չկա, որովհետև Հայաստանը չունի ռեսուրսներ բոլորին ապահովելու, լուծելու աշխատանքի հարցը, երբ հենց Հայաստանում առկա է գործազրկության բարձր ցուցանիշ...
Բայց...
2012 թվականից, երբ արդեն իրավիճակը սրվեց նաև Հալեպում, Հայաստանի իշխանությունները պիտի սպասեին, որ լինելու է մեծ չափերի հասնող ներգաղթ, որ սիրիահայերը ձգտելու են իրենց միակ հայրենիք: Սակայն մեր իշխանությունները սիրիահայերին ընդունեցին դատարկ ձեռքերով ու մոլորված, անպատրաստ: Երբեմն նաև՝ անտարբեր..
Որքան էլ ոգևորող էր Նոր Հալեպ թաղամասի գաղափարը, այնուհանդերձ իշխանություններն էլ համոզված էին, որ դա չիրականացող ծրագիր է, որովհետև Հայաստան եկած սիրիահայերի գերակշռող մեծամասնությունն անփող էր, իսկ հայաստանյան առևտրային բանկերն էլ հայտածեցին իրենց ողջ անբարոյականությունը, թրքատիպությունը: Հարստանալով Հայաստանին տրվող արտաքին պարտքի գումարներով, սահմանելով ամենաբարձր տոկոսադրույքները՝ այս բանկերի հաբռգած ու ազգադավ կառավարիչները չկամեցան ցածր տոկոսադրույքներ սահմանել, չկամեցան հրաժարվել գերշահույթներից:
Հայաստանի կառավարությունն էլ չկամեցավ օգտագործել իր մանդատը, դիմել ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն գլխավոր հանձնակատարին, պահանջել ֆինանսական աջակցություն Հայաստանում հայտնված սիրիահայերի համար: Հենց հայաստանյան իշխանությունները չկամեցան ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված ֆինանսական միջոցներն ուղղորդել սիրիահայերի խնդիրների լուծմանը: Վաղուց «Հայաստան» հիմնադրամը վերածվել է Արցախը սնուցող հիմնադրամի, ահռելի միջոցները ներդրվում են Արցախի իբր վերականգնմանը, սակայն այդպես էլ այդ գումարների մի մասն իր նպատակին չի ծառայում...
Թվում էր, մեր իշխանությունները պիտի սիրիահայերի խնդիրների լուծման ամենաարդյունավետ ճանապարհով քայլեին՝ գրեթե դատարկվող Գյումրին դարձնեին սիրիահայերի նոր հանգրվանը, այստեղ կատարեին ներդրումներ, ներգրավեին աշխարհի գործարար հայությանը, կիրառեին հարկային արտոնություններ, կառուցեին տներ ու ստեղծեին աշխատատեղեր: Սիրիահայերից շատերը հմուտ արհեստավորներ են, բազմափորձ ու արհեստավարժ գործարարներ, տնտեսագետներ, նրանք կարող էին Գյումրիում իրենց խանութները բացել, արհեստանոցները հիմնել, Գյումրին գայթակղիչ դարձնել զբոսաշրջության համար:
Սակայն... Այսօր արդեն անմերժելի է, որ սիրիահայերը չեն հետաքրքրում հայրենի իշխանություններին, իսկ Գյումրին էլ անվերադարձ դատապարտված է մահվան: Վաղուց հաշտվել են մեր իշխանությունները Ռուսաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը՝ դատարկել Գյումրին և հանձնել ռուսական ռազմաբազայի տիրապետությանը: Ապացույց՝ այսօր գյումրեցիներին ռուսական զինվորական իշխանությունը վռնդում է նրանց բնակարաններից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/654296238008171?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել