Զարմանալ կարելի է մեր քաղաքական որոշ գործիչների ինֆանտիլիզմի վրա։ Միանգամայն լուրջ մարդիկ՝ լուրջ դեմքերով, լուրջ-լուրջ խոսում են ԵՄ-ի հետ ասսոցացման նոր համաձայնագիր մշակելու ու ստորագրելու հավանականության մասին։ Հասկանալի է, երբ դա անում են գործող իշխանությունները, որովհետև մի կողմից նրանք խնդիր ունեն մեղմելու հասարակության՝ արևմտամետական նկրտումներ ունեցող թևի դժգոհությունը, մյուս կողմից էլ քաղաքական մեսիջներ են հղում Արևմուտքին և Ռուսաստանին։
Անհասկանալի է, երբ այդ ամենն անում են ընդդիմադիր ու առավելապես արևմտամետ մեր գործիչները, չէ՞ որ նրանց համար պարզից էլ պարզ պետք է լինի, որ ԵՄ Ասսոցացման համաձայնագիրն ու ԵԱՏՄ-ի անդամակցությունն իրար բացառող բաներ են։ Եթե կա մեկը, չի կարող լինի մյուսը, և սա այնքան պարզ է, ինչքան այն, որ 1+1=2:
Չի կարող մի երկիր համ ԵՄ-ի հետ ասոցացվի, համ էլ Եվրասիական միություն ու ընդհանուր տնտեսական գոտի մտնի։ Ուկրաինայի օրինակով պատկերավոր ցույց տվեցին երկու բևեռներն էլ, թե ինչ անզիջում են իրենք այդ հարցում, ու ինչի կարող են հանգեցնել տատանումները։ Եթե ԵԱՏՄ անդամ երկիրն ասոցացվի ԵՄ-ի հետ ու ազատ առևտրի համաձայնագիր կնքի, դա կնշանակի, որ այդ երկիրը դառնում է չկառավարվող խողովակ եվրոպական ապրանքների համար։ Բելոռուսն արդեն իսկ խորամանկությունով գտել է ձևը, երբ պատժամիջոցների տակ հայտնված եվրոպական ապրանքները բերում է իր երկիր, փաթեթավորում է Բելոռուսում ու արդեն որպես բելոռուսական ապրանք մտցնում ռուսական շուկա, ինչն առաջացնում է ռուսական կողմի բուռն դժգոհությունները։ Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը ձեռքերը ծալած կնստի ու կնայի, թե ինչպես են հիմա էլ նույնիսկ առանց այդ խորամանկության դիմելու իրենց հակապատժամիջոցների գինը 0 դարձնո՞ւմ։ Իհարկե ոչ։