Հիշու՞մ եք՝ ինչպես առաջին անգամ մտաք դպրոց՝ որպես աշակերտ։ Դուք փոքրիկ էիք, զարմացած։ Այդքան երեխա ու պատանի մի վայրում հավանաբար առաջին անգամ էիք տեսնում։ Ծաղիկները ձեռքներիդ էր, պայուսակներն՝ ուսերիցդ կախ։ Այդ պահին դուք չէիք կարող պատկերացնել, որ սկսում եք ձեր երկար ու հետաքրքիր ճանապարհորդությունը կյանքում։
Դպրոց, իմ մեծ ու բարի տուն, որտեղ այդքան եղբայրներ ու քույրեր կային, որտեղ ամեն քայլափոխին հանդիպում էի ժպտացող դեմքեր ու ջերմ տրամադրություն։ Այդ ընտանիքը ես չեմ մոռանա երբեք։ Նրանց հետ ունեցած ամեն վայրկյանը՝ տխուր կամ ուրախ, պրոմեթևսյան շղթաներով կապված են կյանքիս։
Երեք տարի առաջ հնչեց իմ վերջին ու ամենատխուր զանգը։ Դպրոցական տարիներին վայրկյաններն էինք հաշվում՝ երբ է հնչելու զանգը, որ տուն գնանք, իսկ այդ վերջինը... մենք չէինք էլ ուզում լսել այն, որովհետև չգիտեինք՝ ինչ է սպասվում մեզ դրանից հետո։ Հիշում եմ՝ ինչպես էր կողքիս նստած արտասվում դասընկերուհիս վերջին դասի ընթացքում. հիմա եմ հասկանում, թե ինչու։
Վերջին զանգ, շատերի կարծիքով նոր կյանքի սկիզբ, նոր փուլ, որից կախված է քո ապագան։ Տեսականորեն ճիշտ է. դպրոցն ավարտելուց հետո կյանքդ ամբողջությամբ սկսում է փոխվել՝ ընդունվում ես համալսարան, նոր ընկերներ ձեռք բերում, նոր հետաքրքրություններ գտնում, ու հինը սկսում է կամաց-կամաց երկրորդ պլան մղվել՝ միևնույն ժամանակ մնալով չափազանց թանկ։
Դպրոցական վերջին տարին իրոք հագեցած էր։ Պատրաստվում էինք քննություններին, շատ քիչ էր մնացել։ Առավոտ դասի էինք գնում կամ նույնիսկ չէինք էլ գնում, հետո պարապմունքի, հետո պարի փորձ, հետո արարողության փորձ ու էսպես ամեն օր։ Հոգնում էինք, բայց հաճելի էր. միասին էինք։
Այս երեք տարիների ընթացքում շատ բան տեսա, հասկացա ու սովորեցի, գրեթե ոչինչ չմնաց այն երիտասարդից, ով բեմից իր ողջույնն էր տալիս ուսուցչուհիներին։ Ու այդպես բոլորի հետ է լինում. յուրաքանչյուրն էլ անկասկած փոխվում է, դուրս գալիս մանկական անմեղ վիճակից ու մտնում կյանք։ Այս պահից, երբ դուք մտնում եք բոլորի կողմից քննարկված այդ նոր կյանքը, ձեզ անհրաժեշտ է իմանալ, որ ամեն հարցում ձեր հույսը պետք է դնեք միայն ձեզ վրա, ձեր սյունը միայն դուք եք, կապ չունի՝ ով է կանգնած ձեր կողքին կամ մեջքին։ Դուք պետք է հասնեք ամեն ինչին միմիայն ձեր աշխատանքի ու պայքարի, նաև ձգտման շնորհիվ։ Որպես ավագ ընկեր՝ ասեմ, աշխատող, պայքարող ու առաջ շարժվող մարդը բացի հաջողությունից ոչինչ չի տեսնի։
Շնորհավորում եմ, վայելեք ձեր ամեն վայրկյանը, որ կանցկացնենք այս օրերին. հետո կարոտով եք հիշելու։ Հաջողությամբ հանձնեք քննությունները, ընդունվեք համալսարան ու արդեն տասը տարի անց հանդիպեք որպես կայացած դեմքեր։ Սա ձեր ամենաերջանիկ օրերից մեկն է, ձեր դպրոցական օրագրի վերջին էջը։