Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին ծննդյան օրվա առթիվ: Մաղթում ենք առողջություն և նոր ձեռքբերումներ:
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա պաշտպանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար: Սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին: Սարգիս Հովսեփյանը 20 տարի շարունակ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Հարություն Վարդանյանի հեռանալուց հետո կրել է նաև ավագի թևկապը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գրեթե բոլոր լավագույն ֆուտբոլիստները հավաքվել էին Երևանի «Արարատում»: Սակայն մյուս թիմերում էլ կային խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում դարձան Հայաստանի հավաքականի անփոխարինելի խաղացողներ: Դրանցից մեկն էլ «ՀՄԸՄ»-ում հանդես եկող Սարգիս Հովսեփյանն էր: Հիանալի անցկացնելով 1992թ. մրցաշրջանը` 20-ամյա Սարգիս Հովսեփյանը ոչ միայն դարձավ Հայաստանի չեմպիոն «ՀՄԸՄ»-ի կազմում (միավորների հավասարության պատճառով «ՀՄԸՄ»-ն այդ կոչումը կիսեց «Շիրակի» հետ), այլև ճանաչվեց Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 1995թ. Սարգիսը երկրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Հայաստանում: Հանդիսանալով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը 1998թ. տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Սարգսի խաղում գլխավոր առավելությունն արագությունն էր: Այդ տարիներին Սարգիսը Եվրոպայում էլ արագությամբ չէր զիջում գրեթե ոչ մի հարձակվողի: Հավանաբար նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Զենիթի» մարզիչները առաջին մրցաշրջանում Հովսեփյանին խաղացնում էին աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: Միայն հաջորդ մրցաշրջանում Հովսեփյանը վերադարձավ պաշտպանության: «Զենիթի» կազմում Հովսեփյանը նվաճեց Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալները, ինչպես նաև, որ ամենակարևորն է, սանկտպետերբուրգցի երկրպագուների սերն ու համակրանքը. «Самый лучший из армян - это Саркис Овсепян» վանկարկումը գրեթե բոլոր խաղերին լսելի էր «Պետրովսկի» մարզդաշտում: Հեռանալով «Զենիթից»՝ Հովսեփյանը տեղափոխվեց «Տորպեդո-Մետալուրգ», սակայն այստեղ նրա գործերն այնքան էլ հաջող չընթացան, և նա ստիպված եղավ վերադառնալ «Փյունիկ»: Սկսած 2004 թվականից՝ երկրպագուներին ամեն տարի թվում էր, որ Սարգիս Հովսեփյանը կավարտի իր կարիերան, սակայն Հովսեփյանը կարողանում էր արժանի խաղով ապացուցել, որ անփոխարինելի է հայկական ֆուտբոլում: Հիանալի անցկացնելով 2008թ. մրցաշրջանը՝ Հովսեփյանը 3-րդ անգամ իր կարիերայում դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 2009թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տարավ պաշտոնական խաղում՝ 2-1 հաշվով հաղթելով Բելգիայի հավաքականին: Այդ խաղում Սարգիս Հովսեփյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ իսկական ավագ է և առաջատար: 2010-ին, երբ կրկին հաճախացել էին խոսակցությունները, որ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ կտա «Մեծ ֆուտբոլին», վերջինս Անդորայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ այնպիսի արագությամբ անցում իրականացրեց, որ շատ երիտասարդներ ուղղակի կնախանձեին: 2011 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթում է Սլովակիայի հավաքականին մրցակցի հարկի տակ: Սլովակների արագ հակագրոհից հետո հենց Սարգիս Հովսեփյանը դատարկ դարպասից դուրս բերեց գնդակը: Համոզված ենք՝ չլիներ այդ դրվագը, չէր լինի նաև մեր պատմության մեջ ամենափառահեղ հաղթանակը: Մեկ ամիս անց Սարգիս Հովսեփյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից պարգևատրվեց ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակով՝ որպես հավաքականում 100-ից ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստ: 2012թ. սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Հայաստանի ազգային հավաքականում Սարգիս Հովսեփյանն անցկացրել է 131 խաղ` 20 տարում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/436616079729234?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել