Բլոգերի մահն անսպասելի էր բոլորի համար։ Նա մահացավ իր ուժերի ծաղկման շրջանում՝ ճիշտ այն ժամանակ, երբ նրան նոր-նոր էին սկսել ճանաչել փողոցում։ Նրա մահը նույնքան անակնկալ էր, որքան որ նրա աշխարհ գալը։ Բլոգերն ի սկզբանե օրենքներ չէր ճանաչում ու սովորություն չուներ թույլատվություն հարցնելու… Նա լույս աշխարհ էր եկել առանց հարցնելու ու պայքարով պարտադրել էր ապրելու իր իրավունքը։ Հեռանալիս նա ոչ մի հարց չտվեց։ Նա հեռացավ անակնկալ՝ առանց թույլատվության։
Միայն ամիսներ հետո էր հաստատվելու, որ դա ինքնասպանություն էր... Ինչո՞ւ, ոչ ոչ չգիտեր։ Միայն պարզ էր, որ իրենից հետո նա կատարյալ ազատության չափով դատարկություն էր թողել, որը համառորեն փորձում էին լցնել անազատներն ու անարժանները։
Գուցե բլոգերն էգոիստ էր։ Հավանաբար նա չէր մտածել, թե ինչ կլինի իրենից հետո։ Նրան անգամ միևնույն էր, որ իր՝ պայքարով գրաված դիրքն այլոք են զավթելու ու տիրելու են այնտեղ, որտեղ իրենք արյուն չեն թափել, չեն տքնել, չեն պայքարել։ Նրա էգոիզմը յուրահատուկ էր, ինչպես ինքն էր յուրահատուկ։ Կենդանության օրոք նա պատրաստ էր իր արյան վերջին կաթիլը տալ՝ իր արժեքները հանրությանը պարտադրելու համար, բայց նրա համար միևնույն էր, թե ինչ կլինի նույն այդ հանրության հետ իր մահից հետո։ Նա ժառանգներ չթողեց, չընտրեց ոչ մեկին, ով իր գործը կշարունակի։ Ուղղակի լքեց բեմն առանց ծափահարություններին սպասելու։
Իսկ գուցե այդչափ հայտնիությունը չափազանց շատ էր նրա համար։ Գուցե բլոգերը պարզապես պատրաստ չէր այն ուշադրությանը, որի մասին երազելու սովորություն էր ձեռք բերել։ Նա այնքան զբաղված էր իր կարծիքը հայտնելով, որ անգամ չէր զգում այն վտանգը, որ իր մեջ ուներ նոր ձեռք բերված մեծ լսարանը։ Նա չզգաց մոտալուտ վտանգը։ Անհատներին սովոր բլոգերը բախվել էր ամենակուլ հասարակությանը ու, ինքն էլ չհասկանալով, կքվեց հասարակության կարծիքի տակ ու տանուլ տվեց։ Բլոգերը հասկացավ, որ կփոխի ու կսովորեցնի մեկին, տասին, հարյուրին, բայց հազարների դեմ միայնակ դուրս գալն ի սկզբանե պարտված պարտիա է։ Բլոգերը թողեց խաղատախտակը պայքարի կեսին ու թողեց, որ ուրիշները շարունակեն նրա պարտիան։ Պարտիան այսօր էլ շարունակվում է։ Բլոգերի մահվանից հետո նրա աթոռին հավակնություն ներկայացրած բորենիները լիդեր չընտրեցին ու կոնսենսուս գտան բոլորով միասին պարտիան շարունակելու շուրջ։ Քայլերը փնթի էին, թափթփված, խոսքը՝ կցկտուր, անգրագետ ու չհամակարգված, քանզի բորենիներն ինտելեկտով չէին փայլում, միայն անասելի մղում ունեին սեփական տեսակետն ամեն առիթով հայտնելու։
Իսկ գուցե բլոգերը պարզապես զոհը դարձավ նրանց, ովքեր իրենից անկախ իրականացրին նրա երազանքը՝ դառնալու հայտնի։ Գուցե բլոգերն անզգույշ էր սեփական ցանկություններում ու չէր կանխատեսել ապագան։
Հիմա բլոգերը չկա։ Նրա տեղում հավանաբար արժանավորին երբեք չենք տեսնի։ Բլոգերի լսարանն արդեն այլ ուղով է զարգացել, այլ արժեքներ է դավանում։ Բլոգերը պարտվեց հասարակությանն ու իր պարտությամբ պարտության մատնեց հենց իրեն հաղթողներին։