ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը. այն լրիվ պատրաստ կլինի մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սակայն ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները և ավելի սահուն անցում կատարել դեպի թվային հեռարձակում:
Նիստում քննարկվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողին անհրաժեշտության դեպքում բուժման հնարավորություն տալ արտերկրում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով օրինագիծը՝ կառավարությունն այն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
Գործադիրը քննարկել է «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռու գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի և ևս երեք օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը, ըստ հեղինակների, ԱԺ մի խումբ պատգամավորների, հեռավոր համայնքների տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է: Կառավարության եզրակացությունը բացասական է, գործադիրը հանգամանորեն հիմնավորել է նախաձեռնության մերժման պատճառները:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/832227930197527?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել