ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը: Որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: Խմբի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում: Ակնկալվում է, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվելիք փաստաթղթերին հավանություն տալու որոշման ընդունումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ: Խնդրո առարկայի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում ճշտվել է ՀՀ կառավարության կարիքների համար համակարգչային արտոնագրված ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու դիմաց առաջիկա երեք տարվա հատկացումների չափը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/832226603530993
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել