Տևական ժամանակ է, ինչ Սիրիայում բնակվող հայությունը բարդ կացության մեջ է հայտնվել երկրում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով: Հատկապես առավել դժվարին պայմանների մեջ են գտնվում հալեպահայերը, քանի որ Հալեպում ակտիվացել են զինյալները: Եվ դա էր պատճառը, որ հալեպահայությունն օգնության խնդրանքով դիմել էր Հայաստանին:

Հասկանալի է, որ Հայաստանը շատ մեծ ռեսուրսներ և ֆինանսական հնարավորություններ չունի, այնուամենայնիվ փորձում է իր հնարավորությունների սահմաններում ձեռք մեկնել Սիրիայի մեր հայրենակիցներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ ներկայացրել է, թե ինչպիսին է հայերի վիճակը Սիրիայում:

Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Ցավոք, Հալեպում իրավիճակը վտանգվում է: Վերջին մեկուկես ամիսներին Հալեպում զինյալների թիրախում են նաև քրիստոնեական շրջանները, ինչի հետևանքով ավերվեց Հալեպի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Զինյալները պայմաններ են դնում մեր հայրենակիցների առաջ, որպեսզի նրանք արագ հեռանան տարածքից: Խնդիրները երեք ուղղությամբ են զարգանում. հալեպահայերի մի մասը տեղափոխվում է Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս է գալիս Հալեպից, իսկ մյուս մասը շարունակում է մնալ այնտեղ»:

Նա տեղեկացրել է նաև, որ խուճապային և լարված իրավիճակն արդեն անցել է, քանի որ վերականգնվել է ջուրը և հոսանքը, իսկ 300 սիրիահայ եկել են Հայաստան, և իրենք, վարչապետի հանձնարարականով, հրավիրել են միջգերատեսչական ժողով` հասկանալու համար, թե որ գերատեսչությունը որ ուղղությամբ կարող է աջակցել հայրենիք վերադարձած հայերին: Սպա սփյուռքի նախարարը շեշտել է, որ քայլեր են ձեռնարկվում Հայաստան եկած սիրիահայերին բազմակողմանի օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Նշենք, որ առաջիկայում սպասվում է վարչապետի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա, որի ժամանակ նա հնարավորություն կունենա ծանոթանալու իրավիճակին: Սիրիայում կլինի նաև պատգամավորների խումբ:

Այս ամենով հանդերձ՝ սիրիահայերին օգնության հասնելու հարցում ձեռնարկվելիք գործողությունները դեռևս բավարար չեն, անհրաժեշտ են լայնամաշտաբ և ծրագրված գործողություններ, որոնց իրականացման համար Հայաստանը ցանկացած հնարավորություն պետք է օգտագործի, քանի դեռ իրավիճակը սիրիահայերի համար օրհասական չի դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել