Անկայուն ու ճգնաժամային ժամանակաշրջանում, ինչպես օրինակ պատերազմներն են, արժեքավոր իրերը պահելու լավագույն վայրն ինչ-որ գաղտնի ստորգետյա թաքստոցը կամ էլ հողն էր։ Գանձը պահվում էր սնդուկի կամ տակառիկի մեջ ու թաքցվում ինչ-որ գաղտնի խուլ մի վայրում, որտեղ այն դժվար կարող էր գտնվել որևէ մեկի կողմից։ Գանձերը թաքցնելու այս մեթոդն ընդունված էր մինչև նախորդ դարի կեսեր։ Ինչևէ, գանձերի մոտ վերադառնալը միշտ չէ, որ հնարավոր էր դառնում, իսկ քանի որ այն թաքցնողից բացի՝ դրա տեղն այլևս ոչ ոք չգիտեր, այն այդպես էլ մնում էր իր թաքստոցում։ Այս հոդվածում կանդրադառնանք մասնավորապես Ռուսաստանի տարածքում գտնվող ամենահայտնի թաքցրած գանձերին, որոնք դեռ ոչ ոքի չի հաջողվել գտնել։

 5  Եդիգեր Մահմեդ խանի գանձերը

Որտե՞ղ փնտրել. Կազան, լիճ Կաբան

1552թ-ին Իվան Ահեղը որոշեց նվաճել Կազանը։ Սկզբում թաթարական զորքերը փորձում էին հարձակվել կազանական խանության ամրոցը պաշարած զորքերի վրա, սակայն որոշ ժամանակ հետո հասկացան, որ Ահեղի զորքերի դեմ պայքարել իրենց չի հաջողվի։ Այդ ժամանակ խանական գանձարանի պատասխանատու Չապկուն Օտուչևը որոշեց խանի բոլոր գանձերն ապահով մի վայրում թաքցնել։
Ամենահարմար վայրը Կաբան լիճն էր. գանձերը դրվեցին տակառի մեջ ու գիշերով ամրոցից դուրս հանվելուց հետո նետվեցին լիճը։ Ամրոցի հարձակման ժամանակ բոլոր նրանք, ովքեր գիտեին գանձերի ճիշտ տեղի մասին, զոհվեցին։ Իսկ գանձերն այդպես էլ մինչ այսօր թաղված են մնում լճի հատակին՝ ժամանակի ընթացքում կուտակված մի քանի մետր հաստության տիղմի տակ։

 4  Նապոլեոնի գանձերը


Որտե՞ղ փնտրել. գյուղ Ժեռնովկա, Կասպլյա, Սվադիցկոյե, Վելիստո լճեր, Սմոլենսկի մարզի Դեմիդովսկ շրջանի Մուտնոյե լիճ

Մոսկվայից հեռանալու ժամանակ Նապոլեոնն իր հետ ոսկով, արժեքավոր իրերով ու հին զենքերի հավաքածուով մի քանի կառք վերցրեց։ Արխիվային տարբեր տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ նա մոտ 290 կգ ոսկի, 5300 կգ արծաթ ու բազմաթիվ այլ արժեքավոր իրեր էր տեղափոխում իր հետ։ Ինչևէ, նա այդպես էլ դրանք չհասցրեց այնտեղ, ուր պատրաստվում էր տանել։
Ռուսական զորքերի հարձակումներն ու խիստ սառնամանիքը ստիպեցին ֆրանսիացիներին ճանապարհին թողնել գանձերը, որպեսզի զորքերն ավելի արագ առաջ շարժվեին։ Ֆրանսիացիները գանձերը թաղում էին հողի մեջ կամ մոտակա լճեր նետում։ Պատմաբանները ենթադրում են, որ Նապոլեոնը շարունակում էր արժեքավոր իրերով ու գանձերով կառքերը տանել մինչև Բերյոզինա գետի մոտ։  Գանձերի մի մասը հայտնաբերվել է Նառա գետի մոտ։

 3  Կոլչակի ոսկին


Որտե՞ղ փնտրել. Տայգա, Բայկալ լիճ, Տյումենի մարզի Տուրա գետ

Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսաստանի ոսկու պաշարը ուղարկվեց Կազան։ Սպիտակ շարժման առաջնորդ ծովակալ Կոլչակն իր հերթին այն դուրս հանեց Կազանից և գնացքով տեղափոխեց Սիբիր։
Ճանապարհին անձնակազմը հարձակումների էր ենթարկվում, և ամեն անգամ հարձակվողներին հաջողվում էր գանձերի ինչ-որ մաս գողանալ։ Մնացած մասը, ականատեսների պնդմամբ, Կոլչակը թաքցրել է ինչ-որ տեղ։
Բոլշևիկներին տեղափոխված գանձերի միայն մի մասը հասավ։ Ոսկու ձուլակտորները, որոնք մոտավորապես 200 տոննայի էին հասնում, այդպես էլ ինչ-որ տեղ Սիբիրի տարածքում թաքցված են մնում սնդուկների մեջ, և որևէ մեկին դեռևս չի հաջողվել գտնել այն։

 2  Սիգիզմունդ Երրորդի գանձը


Որտե՞ղ փնտրել. Մոսկվայի մարզի Մոժայսկ և Ապրելևկա բնակավայրեր

1604թ-ին Ռուսաստան ներխուժած լեհական զորքերն իրենց սնդուկները լցնում էին այն ամենով, ինչը որևէ արժեքավոր բան էր ներկայացնում իրենից։ Արդյունքում բեռներով լցված 930 կառքեր հավաքվեցին, որոնք Մոժայսկի ճանապարհով Լեհաստան ուղևորվեցին։ Սակայն բոլոր գանձերը, դեռ Սմոլենսկ չհասած, անհետ կորան։
Վարկածներց մեկի համաձայն՝ գանձերի տեղափոխման պատասխանատուն ցանկանում էր դրանք իրեն պահել՝ Ռուսաստանի տարածքում մնալով։ Գրառումներում հիշատակվում է, որ գանձերը թաղվել են ինչ-որ բնակելի տարածքի մոտակայքում։ Սակայն այն, թե որ բնակավայրի մասին է խոսքը, այդպես էլ չի հաջողվել բացահայտել, այդ իսկ պատճառով գանձերի աշխարհագրական տեղը դժվար է հստակ նշել, ինչն էլ գանձերի որոնումներն այդքան դժվար են դարձնում։

 1  Սմոլենսկի բանկի գանձերը

Որտե՞ղ փնտրել.  Սմոլենսկի մարզի Օտնոսովո գյուղ

Գերմանական զորքերի՝ Սմոլենսկ ներխուժումից առաջ որոշում կայացվեց բանկային բոլոր ֆոնդերն ու արժեքավոր իրերը դուրս հանել բնակավայրից։ Ութ բեռնատարներով գանձերը տեղափոխվեցին Վյազմա, սակայն մեքենաների շարասյունը գնդակոծության մեջ հայտնվեց, և մոտակա բնակավայր հաջողվեց հասնել միայն 5 մեքենաների։
Տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչպես զարգացան հետագա իրադարձությունները, սակայն ամենատարածված վարկածի համաձայն՝ ոսկին ու արծաթը թաքցվել են հողի մեջ։ Այս վարկածի հավաստիության մասին են վկայում Օտնոսովո գյուղի մոտ հայտնաբերված 1924թ-ին հատված մետաղադրամները։ Իսկ մնացած գանձերն այդպես էլ ապահով թաքցված են մնում ինչ-որ տեղ։ Միգուցե հենց քեզ հաջողվի գտնել դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել