Newsline.am-ը գրում է.
Selfridges հանրախանութի թիմը, The Art Room բարեգործական կազմակերպության հետ համատեղ, նոր նախագիծ է իրականացրել. 90 բրիտանացի դիզայներներ, նկարիչներ և հանրահայտ անձինք աթոռների հավաքածու են ստեղծել, որն աճուրդի կհանվի, և ամբողջ հասույթը կփոխանցվի երեխաների օգնության ֆոնդին:
The Art Room-ը սովորական կազմակերպություն չէ. նրա բարերաների թվում է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, իսկ հավաքած գումարով օգնում են հիվանդ երեխաներին արթ-թերապիայով ապաքինելուն: Նոր հավաքածուի ստեղծմանը մասնակցել են կահույքի ոլորտի մի շարք վարպետներ. Սըր Փոլ Սմիթը, Ալիս Թեմփերլին, Շառլոթ Օլիմփիան, Կառա Դելվինը և այլք:
Յուրաքանչյուր մասնակցի աթոռ է տրամադրվել, որը նա ձևավորել է ըստ իր ճաշակի և ցանկության. ինքնաթիռ, դիմագծեր, հակադիր գույներ եւ այլն: Բոլոր 90 աթոռները 60 օր կցուցադրվեն Selfridges-ի կենտրոնական ատրիումում, այնուհետև մայիսի 22-ին կվաճառվեն Paddle8 կայքի աճուրդում: