Բոլորին խնդրում եմ հեռու մնալ զգացմունքայնությունից և ժողովրդի մեջ «փչացած հեռախոսի» սկզբունքով ինֆորմացիա չտարածել: Միայն պետական, պաշտոնական լրատվություն:
Ընկերներ, խնդրում եմ հասկացեք մի պարզ ճշմարտություն, մի իրողություն, որը նկարագրում է մեր երկրի ներկայիս պաշտոնական ռազմավարությունն ու բանակի ամենօրյա հզորացումը: «Խաղաղ պայմաններում զոհված»։ Ի՞նչ է սա նշանակում: Ո՞վ ասաց, որ խաղաղ պայմաններում: «Ուրալը» շրջվել է մարտական հերթապահության հերթափոխի ժամանակ, իսկ պետական սահմանի պահպանությունը չի կարող խաղաղ պայման լինել, այնտեղ միշտ են կրակում, միշտ մարտական պայմաններ են: Պատերազմը չի վերջացել, ըստ այդմ էլ՝ տղերքը «խաղաղ պայմաններում» չեն ծառայում, այլ պատերազմական։ Հետևաբար՝ այն մարդիկ, ովքեր նման արտահայտություն են անում, իմ կարծիքով նրանք ոչ թե ցավում են մեր տղաների կյանքի համար, այլև հերթական սադրանքն են մոգոնում մեր բանակի ու մեր զինված ուժերի համար: Անկեղծ եմ ասում, մենք իրավունք չունենք եղածը խեղաթյուրելու, ասե՛ք այն, ինչ եղել է, ինչպես եղել է իրականում: Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը վաղուց արդեն եկել է:
Երեկ գիշերը Քարվաճառում վթարի արդյունքում զոհված զինվորների ծնողներին ու հարազատներինցավակցում եմ, համբերություն մաղթում։ Մի բան հստակ է, ցավալի դեպք է, խոսքեր չկան, ծնողի սրտում հիմա փոթորիկ է տեղի ունենում, ալեկոծություններ, բայց նույն այդ զինվորների հետ շփվելուց, նրանց հետ դիրքերում, խրամատներում մեկ օր լինելուց հետո վստահ ասում եմ, որ դուք կարող եք հպարտ լինել, որովհտեև ձեր որդիները հանուն ձեզ են ընկել, հանուն մեր հայրենիքի են ընկել, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության են ընկել, պետական սահմանի պահպանության հերթափոխը իրականացնելու ժամանակ են զոհվել, իսկ սա նշանակում է, որ տղաները մարտական ծառայությունը, խնդիրը կատարելու ժամանակ են զոհվել: Ես, վստահ եմ՝ նաև հայ ժողովուրդը, խոնարհվում է այդ տղաների առաջ, խնկարկում նրանց հոգիներին, նրանք քաջեր են, մերօրյա քաջեր: Սա հերոսություն է, համոզված եմ, որ պետությունը, երկրի ղեկավարությունը, ՊՆ-ի ղեկավարությունը այս փաստը հաշվի կառնի: Հանգուցյալներին՝ Աստծո ողորմություն, և թող, որ Աստծո շնորհիվ նրանց հոգիները խաղաղվեն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/423395554382970
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել