«Գոլիզեում» բլոգը ամփոփում է կայքում անցկացրած հարցման արդյունքները, թե որ պաշտպանները կարող են ուժեղացնել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը: Հարցմանը մասնակցած ֆուտբոլասերները հայտնեցին տարաբնույթ կարծիքներ: Այժմ մենք կներկայացնենք առավելագույն ձայներ ստացած 3 պաշտպանների անունները և կփորձենք մեր տեսանկյունից ներկայացնել, թե որ պաշտպանը և ինչպես կկարողանա ուժեղացնել մեր հավաքականի ամենաթույլ օղակը:
3. Կամո Հովհաննիսյան (Փյունիկ)

Կամո Հովհաննիսյան
3-րդ հորիզոնականը, ձայների 15 տոկոս հավաքելով, զբաղեցրեց Կամո Հովհաննիսյանը: Այս ֆուտբոլիստը աչքի է ընկնում արագությամբ և շատ լավ է միանում հարձակման ժամանակ: Իր խաղաոճով նման է Դոմենիկո Կրիշիտոյին, Ռոբերտո Կառլոսին և նման խաղաոճ ունեցող այլ հայտնի աստղերի: Այս ֆուտբոլիստը շատ լավ կատարում է ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ ձախ կիսապաշտպանի պարտականություններ: Բայց մեր կարծիքով Կամո Հովհանիսյանը լավագույն տարբերակը չէ պաշտպանության ուժեղացման համար, քանի որ պաշտպանության ձախ եզրը թերևս ամենաթույլ եզրը չէ: Այս դիրքում Հայաստանի հավաքական հրավիրվում են Լևոն Հայրապետյանն ու Արտակ Եդիգարյանը: Սակայն եթե վնասվածքը կամ որակազրկումը չխանգարի, այս եզրի լավագույն թեկնածուն Հայաստանի հավաքականի համար կարծում ենք` Լևոն Հայրապետյանն է, որը նաև մշտական խաղային պրակտիկա ունի Լեհաստանի բարձրագույն խմբի Գդանսկ քաղաքի «Լեխիա» ակումբում:
2. Դենիս Թումասյան (Ուրալ)
Դենիս Թումասյան
2-րդ հորիզոնականը, ձայների 25 տոկոսը հավաքելով, զբաղեցնում  է Դենիս Թումասյանը: Թումասյանը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող Եկատերինբուրգ քաղաքի «Ուրալ» ակումբում: Այս թիմը շատ լավ է մեկնարկել ընթացիկ առաջնությունը և ընթանում է 2-րդ հորիզոնականում: Եթե «Ուրալը» կարողանա պահպանել 2-րդ հորիզոնականը, հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես կգա Ռուսաստանի պրեմիեր լիգայում: Ի դեպ, «Ուրալում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը: Իսկ այժմ ավելի մանրամասն Թումասյանի մասին: Դենիսը ունիվերսալ պաշտպան է, սակայն իրեն համեմատաբար ավելի լավ է զգում պաշտպանության կենտրոնում: «Ուրալի» հաջողության գործում Թումասյանի վաստակը շատ մեծ է, քանի որ այս պաշտպանը ոչ միայն չեզոքացնում է մրցակցի վտանգավոր հարձակվողներին, այլ նաև, միանալով գրոհներին, շատ հաճախ դառնում է նաև կարևոր գոլերի հեղինակ: Պատահական չէ, որ Դենիսը կրում է «Ուրալի» ավագի թևկապը, բայց այժմ Դենիսը ստացել է լուրջ վնասվածք և երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Համոզված ենք` այս պաշտպանը իսկապես շատ կուժեղացնի մեր պաշտպանությունը: Մեկ անգամ Դենիսը հրավեր ստացավ Հայաստանի հավաքականից, սակայն չկարողացավ ժամանել, քանի որ «Ուրալն» ուներ լեգեոներների սահմանափակման խնդիր: Այժմ ոչ մի խնդիր չկա հրավիրելու հետ կապված, իսկ ինքը Թումասյանն էլ ցանկություն հայտնել է խաղալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
1. Ալեքս (Միկա)

Առաջին հորիզոնականում  առավելագույն թվով` 40 տոկոս, ձայն հավաքելով տեղ է զբաղեցնում «Միկայի» պաշտպան բրազիլացի, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Ալեքս Էնրիկե Դա Սիլվան կամ կարճ` Ալեքսը: Այս ֆուտբոլիստը արդեն երկար տարիներ է, ինչ հանդես է գալիս Հայաստանում` պաշտպանելով «Միկայի» գույները: Հիանալի կատարում է ինչպես աջ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի պարտականությունները: Հիանալի միանում է գրոհներին և դառնում է կարևոր գոլերի հեղինակ: Իհարկե, Հայաստանի հավաքականի պաշտպանությանը մեծ օգուտ կարող է բերել, քանի որ շատ փորձառու պաշտպան է, և մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ Ալեքսին կարող է դուրս բերել խաղադաշտ ինչպես աջ եզրում, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում, որոնք թերևս համարվում են մեր պաշտպանության ամենաթույլ կողմերը: Բնականաբար, իզուր չէ նաև, որ Հայաստանի hավաքականի ֆուտբոլասերների կարծիքով լավագույնը Ալեքսն էր:
Ընդհանուր արդյունքներ
Շնորհակալություն ենք հայտնում հարցման բոլոր մասնակիցներին և կոչ անում ավելի ակտիվ լինել: Մեզ հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, թե ով կարող է փոխարինել Սարգիս Հովսեփյանին որպես Հայաստանի հավաքականի ավագ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել