► Դոն Վիտո Կորլեոնեն մի մարդ էր, որին ամեն մեկը կարող էր դիմել օգնության համար և երբեք խաբված չէր լինի իր սպասումների մեջ: Նա երբեք սին խոստումներ չէր տալիս, երբեք խուսափողական պատասխանների չէր դիմում, թե իբր իր ձեռքերը կապված են, աշխարհում իրենից ավելի զորեղ ուժեր կան: Ընդ որում, բոլորովին պարտադիր չէր, որ դուք նրա բարեկամը լինեիք, որ նույնիսկ, կարևոր չէր, կարո՞ղ եք երբևէ հատուցել արածի դիմաց: Մի բան էր միայն կարևոր. դուք ինքներդ անձամբ պետք է ասեիք, որ Դոն Կորլեոնեին ձեր բարեկամն եք համարում: Եվ այն ժամանակ Դոն Կորլեոնեն իր վրա էր վերցնում ձեր հոգսը, բնավ չհետաքրքրվելով, հարուստ եք դուք, թե աղքատ, հզոր եք, թե անզոր: Եվ աշխարհում ոչ ոք չէր կարող խանգարել նրան, որ կարգավորի իրեն դիմած մարդու ձախողությունները, ամոքի նրա վիշտը: Ո՞րն էր դրա հատուցումը: Բարեկամությունը, «Դոն» հարգալից, իսկ երբեմն և ավելի սիրելի և քնքուշ «Կնքահայր» դիմելաձևը: Ու երբեմն, թերևս, որպես հարգանքի հավաստիք, և ոչ երբեք որպես արժեք, որևէ համեստ նվեր՝ մի շիշ տնական գինի կամ Ծննդյան տոնին Դոն Վիտոյի սեղանի համար հատուկ թխվածք: Ինքնին հասկանալի է, որ նման նվերը ձեր բարեկրթության վկայությունն է սոսկ, լուռ վկայությունն այն բանի, որ դուք ձեզ պարտավորված եք զգում նրա հանդեպ, և նա ուզած ժամանակ իրավունք ունի դիմելու ձեզ, որ մի փոքր ծառայություն հատուցեք նրան:
Դոն Կորլեոնեն բոլորին` հարուստներին և աղքատներին, զորեղներին և թույլերին, բոլորին դիմավորում էր ուրախությամբ և սիրալիր: Ոչ մեկի հանդեպ ոչ մի արհամարհական վերաբերմունք: Այդպիսին էր նա: Դոնի հզորությանը նպաստող կարևոր հանգամանքներից մեկն էլ այն էր, որ նա ամեն ինչից կարողանում էր օգուտ քաղել: Կարճ ասած, ամբողջ Նյու Յորքը հաշվի էր նստում Դոն Կորլեոնի իշխանության հետ: Նրա համար ոչ մի օրենք գոյություն չուներ իր սեփական օրենքներից զատ և ենթարկվում էր միայն իր աստծուն: Ու նաև այնպիսի ուժ և իշխանություն ուներ, որ ոչ մի տեսակի պաշտպանություն, ոչ մի պահակախումբ նրա համար արգելք չէին կարող լինել: Նա երբեք իր բարեկամներին դժբախտության մեջ չէր լքում:
ԴՈՆԸ ՇԱՏ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԷՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻՆ: «Երբե՛ք չբարկանաս,-խորհուրդ էր տալիս Դոնը:-Երբե՛ք չսպառնաս, ստիպիր մարդուն, որ ինքը եզրակացության գա:» Այդ արվեստի հիմնական սկզբունքն այն էր, որ չնկատես ո՛չ սպառնալիքը, ո՛չ էլ վիրավորանքը, կարողանաս ձախ այտդ դեմ տալ, երբ աջ այտիդ խփեն: Նույնիսկ մի անգամ Դոն Կորլեոնեն, բանակցությունների սեղանին նստելով, ութ ժամ վիրավորանքներ էր կուլ տվել, ջանալով խելքի բերել մեծամոլությամբ բռնված սանձարձակ գանգստերին, որ իր շուրջ մեծ աղմուկ էր հանել: Ութ ժամ դիմանալուց հետո նա ձեռքերը հուսահատորեն վեր էր բարձրացրել՝ դիմելով սեղանի շուրջ նստածներին.
– Ո՛չ, այս մարդուն պարզապես ոչինչ չի լինում հասկացնել,-և հանգիստ դուրս էր եկել սենյակից:
Գանգստերը վախից գույնը գցել էր: Վազ էին տվել Դոնի հետևից, հետ էին բերել: Բանակցությունները հաջող ավարտվել էին, բայց երկու ամից հետո գանգստերին սպանել էին իր նախընտրած վարսավիրանոցում:
Նա քչախոս էր ու զուսպ, երբեք թույլ չէր տալիս, որ ուրիշներն իմանային իր մտքերը: Երիտասարդ տարիներին նա հայտնի էր որպես հավասարակշռված և խոհեմ մարդ: Նա երբեք չէր զայրանում, միշտ դիմում էր տրամաբանությանը, և այն լինում էր անհերքելի: Նա կարողանում էր կանխատեսել իրադարձությունները, անմիջապես ըմբռնում էր շուրջը կատարվածը և կանխագուշակում, թե դա ինչի կհասցնի: Դոնը մարդկանց փրկում էր փորձանքից, որ մասամբ իր ձեռքով էր ստեղծել:
► Կյանքում միշտ էլ գալիս է այն պահը, երբ ամենափոքր մարդն անգամ եթե ուշադիր ու համբերությամբ հետևի դեպքերին, կարող է վրեժխնդիր լինել անգամ ամենազորեղներից:
► Դոն Կորլեոնեն իր մոտ խնդրանքով եկած իր հին բարեկամին հյուրասիրեց սիգարով, այնուհետև լցրեց նրա գավաթը և քաջալերելով ձեռքը դրեց նրա ուսին: Այդ արարքը Դոնի մարդասիրության վկայությունն էր: Նա սեփական փորձից գիտեր, թե որքան արիություն է պետք բարեկամից օգնություն խնդրելու համար:
► – Կնքահայր, ի՞նչ անեմ, հիմա ի՞նչ անեմ ես:
– Նախ և առաջ քեզ տղամարդու նման պահիր:- Եվ զայրույթից Կնքահոր դիմագծերն աղավաղվեցին:- Պահի՛ր քեզ տղամարդու նման,- բղավեց նա հանկարծ: Եվ հիշիր, որ տղամարդը եթե հայրություն չանի իր երեխաներին, երբեք էլ իսկական տղամարդ չի դառնա: Դու ենթարկվում ես կանանց, իսկ նրանք կյանքից ի՞նչ են հասկանում, թեև էն աշխարհում դրանք սուրբ են դառնալու, իսկ մենք դժոխքի ճիրանները կընկնենք:
► – Եթե դու գայիր ինձանից արդարադատություն խնդրելու, այդ սրիկան, որ խեղանդամ է դարձրել աղջկադ, այսօր դառն արցունք կթափեր: Եթե դժբախտ մի պատահականությամբ քեզ նման ազնիվ մարդը թշնամիներ ունենար, դրանք և իմ թշնամիները կդառնային:-Դոնը ձեռքը բարձրացրեց, մատը Բոնասերայի կողմն ուղելով:- ԵՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՎԱՏԱ, ՆՐԱՆՔ ԿՎԱԽԵՆԱՅԻՆ ՔԵԶԱՆԻՑ:
► Դոնի որդի Մայքլը վերցրեց լրագիրը: Առաջինը, ինչ տեսավ, հոր լուսանկարն էր փողոցի մեջտեղը փռված՝ գլուխը արյան լճակի մեջ: Մայթեզրին ինչ-որ մեկը երեխայի պես հեկեկալով նստել էր հենց գետնին: Դա Մայքլի եղբայր Ֆրեդին էր, իսկ լրագրի վերնագիրն աղաղակում էր.
«ՎԻՏՈ ԿՈՐԼԵՈՆԵՆ ՏԱՊԱԼՎԱԾ Է ԿՐԱԿՈՑՈՎ: ՄԵԾ ԴՐԱՄԱՇՈՐԹՆԵՐԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ Է, ԲԺԻՇԿՆԵՐԸ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ: ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՅՈՒՆԱԼԻ ԿՈՏՈՐԱԾ»:
► – Կյանքում ամենակարևորը բարեկամությունն է: Բարեկամությունը տաղանդից վեր է և բարձր է ուզածդ կառավարությունից: Դա գրեթե նույնն է, ինչ ընտանիքը: Երբեք չմոռանա՛ս այդ:
► – Ես պատրաստվում եմ նրան այնպիսի առաջարկություն անել, որից նա չի կարողանա հրաժարվել:
► – Երբեք թույլ մի տուր ուրիշներին իմանալ, թե ինչ ես դու մտածում:-Դոն Վիտո Կորլեոնե
► -Մայքլ, դո՞ւ ես: Ի՞նչ է պատահել:
Մայքլը թեքվեց մահճակալի վրա, բռնեց հոր ձեռքը:
– Ես եմ, Մայքլն է,- ասաց:-Մի վախեցի: Հանգիստ պառկի ու լուռ կմնաս, եթե քեզ ձայն տան: Քեզ ուզում են սպանել, հասկանու՞մ ես: Բայց ես այստեղ եմ և քեզ ոչինչ չի պատահի:
Դոն Կորլեոնեն, սարսափելի ցավերից տանջահար, դեռ լավ չէր հասկանում նախորդ օրը իր վրա կատարված մահափորձը, բայց երախտագիտությամբ ժպտաց կրտսեր որդուն, միայն թե ուժը չբավականացրեց ասելու բարձրաձայն.
-Ես ինչի՞ց պիտի վախենամ: Շատ անգամներ են եկել ինձ սպանելու, այն ժամանակից, ԻՆՉ ԼՐԱՑԱՎ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՏԱՐԻՍ…
► Ավելի շատ դժվար է սպանություն վճռելը, քան այդ գործողությունն իրականացնելը։-Մայքլ Կորլեոնե
► – Ես երբեք չեմ խաբում նրանց, ում բարեկամ եմ համարում։-Դոն Վիտո Կորլեոնե
► Մեծ մարդ չեն ծնվում, մեծ մարդ դառնում են:
► Ես նրա դեմ անձնական ոչինչ չունեմ, սա ընդամենը բիզնես է:
► Եթե մարդ առատաձեռն է, միշտ պետք է դրսևորի իր բնավորության այդ գիծը:
► Ժամանակը վերքերը կբուժի: Ցավն ու վախը անդառնալի չեն, ինչպես մահը:
► Ժամանակը շուտ է վերացնում երախտագիտության զգացումը:
► Ամեն մարդ իրավունք ունի կյանքում մի անգամ հիմարություն թույլ տալու: Եվ ես այն արդեն թույլ եմ տվել: Դրա համար էլ այժմ ուզում եմ զգուշություն պահպանել: Ես միշտ էլ ողջամիտ և զգույշ եմ եղել, և ոչինչ ինձ համար այնպես անընդունելի չէ, ինչպես անխոհեմությունն ու անպատասխանատվությունը: Դա իրենց կարող են թույլ տալ կանայք և երեխաները, բայց ոչ տղամարդիկ:-Դոն Վիտո Կորլեոնե
► Անողոքությունը, բացարձակ արհամարհանքը որևէ արժեքի հանդեպ ցույց էին տալիս, որ գործ ունես մի մարդու հետ, որի համար ոչ մի օրենք գոյություն չունի իր սեփական օրենքներից զատ և որը ենթարկվում է միայն իր աստծուն:
► ԲԺշկության մեջ ճիշտը կարելի է ասել միայն ամենածայրահեղ դեպքում, և այն էլ ոչ միշտ:
► Այն ժամանակ Վիտո Կորլեոնեն դեռ չգիտեր, թե մարդկանց վրա ինչ ազդեցություն է ունենում իր այդ ժպիտը: Այն ուղղակի քարացնում էր նրանց, ում դեմ ուղղված էր. ժպիտը սպառնալից չէր, նա ժպտում էր այնպես, ասես խոսքը մի կատակ բանի մասին էր, որ միայն ինքը կարող էր հասկանալ: Սակայն այդ ժպիտը նրա դեմքին հայտնվում էր միայն որպես մահվան նախազգուշացում, և սարսափազդու էր, երբ արտաքուստ այդքան հավասարակշռված, խոհեմ մարդը բացում էր իր իսկական դեմքը:
► – Դուք մի՞շտ եք վաղ առավոտից այսպես հարբում:
– Իհարկե,- ասաց Նինո Վալենտին այնքան բարեհոգի ժպտալով, որ բժիշկ Ջուլը շարունակեց ավելի մեղմ, քան մտադիր էր:
– Հասկացեք, որ եթե այդպես շարունակեք, հազիվ մի հինգ տարվա կյանք կունենաք:
Նինոն մոտեցավ բժշկին երերուն, սայթաքող քայլերով, գրկեց, և ալկոհոլի ծանր շունչը փչելով՝ ծիծաղեց կոշտ, տհաճ ծիծաղով:
– Հի՜նգ տարի: Մի՞թե այդքան երկար…