«Միտքն առաջնային է»,- պնդում էին իդեալիստները: «Մատերիան առաջնային է»,- պնդում էին մատերիալիստները:
Այսօր լսում ենք «Միտքը նյութեղեն է» պնդումը և հոգեբանների ու փիլիսոփաների հետևյալ ասույթները.
Էմերսոնն ասել է. «Մարդն այն է, ինչ նա մտածում է օրվա ընթացքում»: 
Ամենաթանկ դասը, որ ես քաղել եմ կյանքում, այն բանի կարևորության ըմբռնումն է, թե ինչ ենք մտածում մենք: Ասա ինձ՝ ինչ ես մտածում, և ես կասեմ, թե ով ես դու: Մեր մտքերն արտահայտում են մեր ինքնության առանձնահատկությունը: Մեր ճակատագիրը որոշող գործոնը կյանքի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքն է:

Ես այժմ գիտեմ, որ ամենամեծ խնդիրը, որին մենք բախվում ենք իրականության մեջ, ճիշտ մտածելակերպի ընտրությունն է: Եթե մենք ունակ ենք կատարելու այդ ընտրությունը, ապա մենք մեր բոլոր խնդիրները հեշտությամբ լուծելու ճանապարհին ենք: Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսն այդ միտքն արտահայտել է հետևյալ ինը բառով, որոնք կարող են որոշել Ձեր ճակատագիրը. «Մեր կյանքն այն է, ինչ մենք մտածում ենք մեր մասին»:

Իրոք, եթե մենք մտածում ենք երջանկության մասին, մեզ երջանիկ ենք զգում, եթե մեզ այցի են գալիս տխուր մտքերը, մենք տխրում ենք: Եթե մեր մտքերում առկա է վախ, ապա մենք վախենում ենք: Եթե հիվանդությունների մասին մտածենք, ապա հավանաբար կհիվանդանանք: Եթե մեզ խղճանք, ապա բոլորը կխուսափեն մեզնից:

Մեր հոգեկան հանգստությունը պայմանավորված է ոչ թե նրանով, թե որտեղ ենք գտնվում, ինչ ունենք կամ ինչ դիրք ենք գրավում, այլ բացարձակապես մեր մտածելակերպով:

Ոչ ոք չի կարող մեզ հոգեկան հանգստություն բերել՝ մեզանից բացի: Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտենն ասել է. «Մարդը տառապում է ոչ այնքան նրանից, ինչ տեղի է ունենում, որքան նրանից, թե ինչպես է գնահատում տեղի ունեցածը»: Իսկ կատարվածի մեր գնահատականը լիովին կախված է մեզանից:

Մեր ճակատագիրը որոշող աստվածությունը նստած է հենց մեր մեջ: Նա մեր բուն էությունն է: Այն ամենը, ինչի մարդ հասնում է կյանքում, նրա սեփական մտքերի ուղղակի արդյունքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել