Համայնքի դերի բարձրացումը հանրային կառավարման ոլորտում կարևոր խնդիրներից է, որը պահանջում է կառավարման որակյալ համակարգի ներդրում և դրա զարգացման հետևողականության ապահովում: ՀՀ վարչատարածքային բաժանման գործող համակարգը ձևավորելիս ստեղծվել են բավականին մեծ թվով համայնքներ, որոնց միջև առկա են էական տարբերություններ:

Ստեղծված իրավիճակում բազմաթիվ համայնքներ կորցրել են իրենց դերն ու նշանակությունը, ինչն իր հերթին հանգեցրել է նշված համայնքների ժողովրդավարացման զարգացման պայմանների հնարավորության նվազմանը: Բազմաթիվ համայնքներ չեն կարողանում բնակչության անհրաժեշտ ծառայություններ մատուցել, քանի որ չունեն համապատասխան համայնքային կառույցներ, ինչպես նաև չկան բավարար ֆինանսական միջոցներ, այդ թվում առկա է նաև որակյալ կադրերի բացակայության հարցը:

Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում ամենաարմատական բարեփոխումներն այս առումով իրականացվեցին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիան երկրամասում, որտեղ համայնքների թիվը նվազեց 1/6–ով: 17 մլն բնակչություն ունեցող այս երկրամասը բաժանված է ընդամենը 396 համայնքների. միջին հաշվով մեկ համայնքում բնակվում է 43.000 մարդ: Գերմանիայի փորձը հետաքրքրական է նրանով, որ այս երկիրն այլ երկրների փորձի օրգանական կիրառման օրինակ է: Երկրում ձևավորվել է համայնքների միջև համագործակցության յուրահատուկ ավանդույթ, որի հիմնական նպատակը բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետության մեծացումն է:

Չափազանցություն չէ, որ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացվածությունն իրական հնարավորություն է ապահովում հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ սկսած տնտեսությունում շուկայական հարաբերությունների արմատավորումից մինչև իրական ժողովրդավարության հաստատումը և զարգացումը:

Որակյալ կառավարում իրականացնելու առաջնահերթ նախապայմանը համապատասխան անհրաժեշտ բազայի ստեղծումն է, համայնքի՝ որպես այդպիսին դերի բարձրացումը, հանրային շահի գիտակցումը, որն այսօր գրեթե բացակայում է:

Վերջին հաշվով ժողովրդավարության զարգացման և ամրապնդման համար համայնքը խաղում է այն նույն դերը, ինչ դպրոցական տարրական գիտելիքը գիտության համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել