Orer.am-ը գրում է.
Մուայ Թայ-Բոքսինգի հայկական ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը, ում հաճախ հանդիպել ենք նաև ֆիլմերում և սերիալներում, այսօր էկրանային պասիվ կյանք է վարում: Orer.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Թե ի՞նչը նրան ստիպեց հեռանալ, կվերադառնա՞ արդյոք երբևէ հայրենիք, ճշտեցինք հենց իրենից: Անդրադարձանք նաև անձնական կյանքին, առաջին և միակը դարձած սիրուն…
-Էրիկ, արդեն որքա՞ն ժամանակ է, որ Մոսկվայում եք:
-2014 թվականի նոյեմբեր ամսից ընտանիքիս հետ դուրս եմ եկել Հայաստանի Հանրապետությունից: Հայաստանն իմ ծննդավայրն է և ընդմիշտ լքելու նպատակ չունեմ: Սակայն պետք է նշեմ, որ ապրելով Ռուսաստանում` այստեղին առավել եմ հարմարվել: Այժմ Հայաստանն ինձ համար հանգստյան գոտի է դառնում:
-Գնալու նպատակը գործնակա՞ն էր:
-Այո, գործունեությունս ընդլայնելու նպատակով գնացի և դժգոհ չեմ:
-Մոսկվայո՞ւմ եք ապրում և աշխատում:
-Ոչ, ապրում և աշխատում եմ Ստավրոպոլում: Աշխատանքային բնագավառի փոփոխություն չեմ կատարել: Գիտեք, ինձ շատ հարազատ եմ զգում այստեղ, կարծես Հայաստանում լինեմ: Օրինակ, ապրիլի 24-ին բոլորովին չզգացի, որ հայրենիքից հեռու եմ:
-Կինոկարիերային կարծեք թե հրաժեշտ տվեցիք: Չե՞ք կարոտում նկարահանման հրապարակը:
-Իսկապես, նկարահանումներին շա~տ եմ կարոտել: Բայց կինոկարիերայից չեմ հրաժարվել, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ: Լավ առաջարկի դեպքում մեծ հաճույքով կհամաձայնվեմ:
-Էրիկ, մայիսի 15-ին ընտանիքի միջազգային օրն էր: Կպատմեք Ձեր ընտանիքի մասին:
-Արդեն 21 տարի է, ինչ ես ամուսնացած եմ: Ունեմ երեք զավակ: Մեր տանը 4 սերունդների ներկայացուցիչներ կան. Ես և կինս, որ ծնվել ենք 1977, 1978 թվականներին, մեծ որդիս` Արմենը` 1996 թվական, դուստրս` Աննան` 2002 թվական, և փոքր տղաս` Մանվելը` 2008 թվական: Թու, թու, թու, երևի դրա համար էլ ես և կինս երիտասարդ ենք մնում (ծիծաղում է):
-Գո՞հ եք Ձեր կազմած ընտանեկան մոդելից:
-Շա~տ: Շնորհակալ եմ Աստծուն, որ երջանիկ և սիրով ընտանիք ունեմ:
-Ի դեպ, մեր ընթերցողների համար կհիշե՞ք Ձեր ծանոթությունը:
-Ես կնոջս դպրոց եկել եմ, երբ 4-րդ դասարանում էի սովորում: Հիշում եմ, ինձանից վախենում էր ու ինձ չէր սիրում: Այդպես, մինչև 6-րդ դասարան: Հետո այնքան մեծ սեր ծնվեց, այնքան էինք միմյանց սիրում, որ ինձ 8-րդ դասարանից դպրոցից չհանեցին (ծիծաղում է): Գիտեին, ամբողջ օրն անցկացնելու էի դպրոցի դիմաց: Իսկ չէ՞ որ պարապությունը հանցագործություն է:
-Ձեր ծնողները տեղյա՞կ էին, որ իրենց դպրոցական երեխաները սիրահարված են:
-Երբ 9-10-րդ դասարանում էինք սովորում, մեր ծնողներն իմացան: Որոշվել էր` կամուսնանանք 23 տարեկանում… Հայրս 1994 թվականին մահացավ, ու կյանքը փոխվեց: Ես հասկացա, որ ինձ աղջիկ չեն տա, քանի որ դարձել եմ «փողոցային»: Ապագա զոքանչիս փորձեցի համոզել, որ Նելլին ուղղակի իմ դասարանցին է: Եվ դա ստացվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ