Չգիտեմ՝ որտեղի՜ց է գալիս
Ջութակի հեկեկանքը տրտում
Եվ լալիս է անվերջ ու լալիս
Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։
Այնքան վիշտ կա անհույս այդ երգում,
Այնքան դառը տանջանք ու թախիծ,
Եվ անվերջ, հավիտյան է երգում,
Հեկեկում այդ երգը այնտեղից....
Մոսկվա, աշուն: Անձրևոտ երեկո: Փոքրիկ բնակարան՝ երկու սենյականոց: Նստած է միջին հասակի, 23 տարեկան մի աղջիկ: Սենյակը թաթախված է կիսախավարի մեջ, սենյակում ճամպրուկներ կան, մի քանիսը՝ կիսաբաց: Աղջկա մայրը բացում է ճամպրուկները և նրա պարունակությունը տեղադրում պահարաններում՝ խոսելով աղջկա հետ: Մայրը - «Մարի, հիմա պետք է, որ դու ամեն ինչ սկսես նորից, վաղը կծանոթանաս նոր համակուրսեցիներիդ հետ, նոր ընկերներ կունենաս, միայն խոստացիր, որ կսկսես առաջվա նման ժպտալ»: Աղջիկը կարծես չէր լսում ոչինչ, միայն ինչ-որ տխուր մեղեդի, որը, ձուլվելով անձրևի ձայնին, դառնում էր մի յուրահատուկ սիմֆոնիա: Մարին այդ ամենը վերագրեց անձրևին, երբ նա պառկեց քնելու, ձայնն ավելի լսելի դարձավ, ու հասկացավ, որ դա կողքի բնակարանից է: Այդ երաժշտությունն այնքան էր դուր եկել նրան, որ ինքն իրեն ստիպում էր չքնել, որ լսի ամեն մի նոտան: Առավոտյան, երբ Մարին արթնացավ, անձրև էր, բայց երաժշտություն էլ չկար: Մայրը - «Բարի լույս, վեր կաց, Մարի, որ առաջին օրը դասից չուշանաս: Մարի - «Մամ, գիշերը լսո՞ւմ էիր երաժշտության ձայն (հագնվելով), կարծես երեխայի լացի ձայն էլ էր լսվում»: Մայրը - «Հա, երևի մեր հարևանը ջութակահար է»: Մարին պատկերացրեց 50-ին մոտ, մորուսով ու մռայլ դեմքով տղամարդու: Նա դուրս եկավ տնից և գնաց դասի: Նա ստանում էր երաժշտական կրթություն, տիրապետում էր ջութակի, թավջութակի, բայց առավել սիրում էր դաշնամուր և ավելի շատ դա էր նվագում: Ամբողջ օրը նրա ականջներում երեկոյան լսած ջութակի մեղեդին էր, ուզում էր հասկանալ, թե որ սիմֆոնիան էր կամ ինչ երաժշտություն էր, որն այդքան անծանոթ էր իրեն: Երբ վերադառնում էր տուն, տեսավ, որ այն բնակարան, որից երաժշտության ձայն էր լսվում, մտնում էր մի տղա՝ մոտ 25-26 տարեկան և մի աղջիկ՝ 6-7 տարեկան: Երբ Մարին տուն մտավ, մայրն արդեն տանն էր: Մայրը - «Մարի, ո՞նց անցավ օրդ»: Մարի - «Լավ, մամ, իսկ քոնը (մտնելով սենյակ): Մայրը - «Դե ասում են, որ գնալով աշխատավարձս կբարձրանա, ինձ էլ դուր է գալիս երեխաների հետ աշխատելը»: Մարին մտնում է սենյակ՝ դուռը թողնելով կիսաբաց, սկսում է ինչ-որ իրեր դասավորել, հանում է մի տղամարդու նկար, ծխամորճ ու փոքր համակարգիչ, դնում է իր մահճակալի կողքին: Մայրը - «Առավոտյան, որ գնում էի աշխատանքի, տեսա մեր կողքի հարևանին, բավականին համակրելի կին էր, բայց ինչ- որ տխուր բան կար նրա մեջ, իսկ նվագողն էլ իր տղան է եղել»: Մարին հիշեց մուտքում տեսած տղային, նորից լսվեց երեխայի լացի ձայն, և հենց այդ պահին հնչեց նույն երաժշտությունը: Մարին նստեց մահճակալին, աչքերը սևեռեց նկարին: Մայրը ինչ-որ բանից էր խոսում, ամանները շխկշխկացնում, բայց Մարին միայն այդ երաժշտությունն էր լսում: Մայրը մտավ սենյակ, նայեց աղջկան ու արցունքոտ աչքերով սկսեց խոսել (բարձրացնելով ձայնը). «Մարի, ես ամեն ինչ անում եմ, եկանք այստեղ, որ հորդ հետ կապված հիշողությունները չտանջեն, իսկ դու քեզ դրանցով ես շրջապատել, անգամ ծխամոորճն ես բերել ու օրերով հետս չես խոսում, հիմա էլ այդ սգո երաժշտությունը»: Դուռը փակում է ու դուրս գալիս: Մարին դուրս է գալիս տնից, տեսնում է տղային՝ նստած աստիճանների վրա, գլուխը ձեռքերի մեջ առած: Ուզում է անցնել, բայց տղան չի էլ նկատում, որ ճանապարհ տա: Աղջիկը - «Թույլ կտա՞ք՝ անցնեմ»: Տղան լուռ կանգնում է: Մարին որոշել էր տղայի տեղում նստել, արդեն մութ էր, աղջիկը մուտքի մոտ կանգնեց: Տղան - «Ի՞նչ-որ տեղ եք գնում, այս ժամին վտանգավոր է»: Աղջիկը - «Չէ, ուղղակի սենյակի օդը ճնշում էր: Դուք երաժի՞շտ եք»: Տղան - «Ոչ, ինչու՞, գիշերները խանգարում եմ երևի»: Աղջիկը - «Ոչ, շատ լավ եք նվագում, ի՞նչ երաժշտություն է, դա դո՞ւք եք գրել»: Տղան – «Ես երաժշտական կրթություն չունեմ. դա իմ հոգու երաժշտությունն է, իսկ դուք երևի երաժիշտ եք»: Աղջիկը - «Երաժշտական կրթություն եմ ստանում, իսկ ինչու՞ եք միշտ նույնը նվագում»: Տղան - «Միշտ նույնն եմ նվագում, որովհետև քույրս միայն դրանից է հանգստանում ու չի լացում, իսկ իրեն լացել չի կարելի»: Աղջիկը՝ ինչու՞: Տղան մի քանի րոպե լռելուց հետո համարյա անձայն ասաց. «Նա ի ծնե սրտի արատ ունի, ոչ ոք չգիտի՝ ինչքան կապրի, հայրս վաղուց մեզ հետ չի ապրում, իսկ մայրս տանը քիչ է լինում, նրանով միշտ ես եմ զբաղվել, այս աշխարհում ամենաթանկ մարդն է ինձ համար»: Աղջիկը - «Իսկ հնարավոր չի՞ բուժել, բժիշկներն ի՞նչ են ասում»: Տղան - «Արդեն ուշ է, իսկ այստեղ՝ բավականին ցուրտ, տուն մտեք, բարի գիշեր»: Աղջիկը - «Դուք լավ ջութակահար կդառնաք»: Տղան - «Ես՝ ոչ, իսկ դուք կդառնաք»: Մարին մտավ տուն, նստեց մահճակալին: Լռություն էր, բայց նա լսում էր նույն երաժշտությունը, մինչև որ այն սկսեց հնչել, բայց լացի ձայն էլ չէր լսվում: Այդ օրվանից այդ աստիճանները դարձան նրանց հանդիպումների վայրը: Նրանք ավելի շատ լռում էին, քան խոսում, բայց այդ լռությամբ ավելի էին իրար հասկանում: Երբ տղան էր խոսում, աղջիկը լսում էր միայն նրա ձայնը: Կարծես չէր հասկանում բառերը, իսկ աղջիկն անընդհատ ասում էր, որ նա իր երաժշտությունը նոտագրի: Ջութակը տղայի համար դարձել էր միայն փոքրիկին հանգստացնելու միջոց, իսկ նրա ձեռքում ջութակը կարծես ոչ թե նվագում, այլ հեկեկում էր անհույս, անվերջ ու անվերջ: Առավոտ: Մարին պատրաստվում է դուրս գալ: Մայրը - «Մարի, ես փող եմ հավաքել և որոշել եմ քեզ համար դաշնամուր գնել: Գիտեմ, որ դու երազում ես դաշնամուր ունենալ, մենք հայրիկիդ հետ էինք դա որոշել»: «Չեմ ուզում»,-ասաց ու դուրս եկավ: Նա այդ պահին իր համար զարմանալի ատելություն զգաց դեպի այդ գործիքը: Արդեն 3 օր էր՝ տղան չէր եկել, աղջիկը վերադառնալիս փորձեց բացել դուռը, դուռը փակ էր: Երեկոյան, երբ մայրը վերադարձավ, Մարին այդ մասին հարցրեց մորը: Մայրը - «Արդեն 3 օր է՝ դուռը փակ է: Գնալիս բանալին ինձ են տվել, որ նոր վարձակալ գալու դեպքում փոխանցեմ և ինչ-որ իրեր կան փոխանցելու, փոքրիկի վիճակը վատացել է, հիմա երևի հիվանդանոցում են, նրանց թողած համարն էլ չի պատասխանում: Ուզում էի այսօր մաքրել տունը: Խեղճ կինը աղջկան հիվանդանոց տանելու ժամանակ էնքան հուզված էր, որ մի քանի իրերի կպավ ու ջարդեց»: Մարին մոր վերջին բառերը չէր լսում. նրա ականջներում ջութակի հեկեկոցն էր լսվում: «Մամ, տուր բանալիները, ես այսօր կմաքրեմ»,-հազիվ լսելի ձայնով ասաց աղջիկը: Մարին բացեց դուռը, մտավ ներս, բայց արդեն մոռացել էր, որ եկել է մաքրելու համար, ուղղակի ուզում էր տեսնել այդ երաժշտության տունը, իսկ այդ պահին այնտեղ մեռելային լռություն էր, կարծես այդ սառը, վանող պատերը երբեք չէին լսել ջութակի խոցող մեղեդին: Աղջիկը մտավ այն սենյակը, որտեղից միշտ լսվում էր իրեն հարազատ դարձած երաժշտությունը: Հատակին դրված էր ջութակը, բայց լարերը քանդված էին, կարծես մեկը ուզեցել էր ջարդել, բայց վերջին պահին ափսոսացել էր: Ջութակի կողքին թուղթ էր դրված, որի վրա գրված էին նոտաներ: Մարին վերցրեց թուղթը (շփոթված), կարծես այդ լաբիրինթոսային սառնությունից խլում էր վերջին լույսի շողը: Առավոտ: Մարին արագ քայլերով գնում էր դասի, այդքան ոգևորված առաջին անգամ էր գնում՝ թուղթը ամուր պահած ձեռքում: Աղջիկը իրենց ջութակահարներից մեկին խնդրեց նվագել, և առաջին իսկ վայրկյաններից զգաց, որ դա նույն երաժշտությունն է, որը միշտ իր ականջներում էր: Բոլորը հավանեցին և առաջարկեցին ձայնագրվել ու ուղարկել առաջիկա մրցույթին: Մարին խոստացավ, որ կխոսի հեղինակի հետ և տեղյակ կպահի: Հաջորդ օրը նրան տեղեկացրին, որ մի քանի օրից մրցույթ կա, որի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդների: Աղջիկը մի քանի օր փորձեց գտնել կամ ինչ-որ լուր իմանալ տղայի մասին, բայց չկարողացավ, միայն տեղեկացավ հիվանդանոցից, որ երբ աղջկան տարել են այնտեղից, ծանր վիճակում է եղել: Իսկ ընտանիքը ուզում էր նրան Ֆրանսիա տանել՝ բուժման: Մարին մտածում էր մասնակցե՞լ, թե՞ ոչ. չէ՞ որ դա իր երաժշտությունը չէր: Բայց հիշեց տղայի խոսքերը. ես ջութակահար չեմ, իսկ դու կդառնաս: Մրցույթում հաղթեց Մարին, նա այդ երաժշտությունը անվանել էր >: Տղան ճիշտ էր կռահել. Մարին դարձավ հռչակավոր ջութակահարուհի, բայց նա չէր էլ մտածում,որ դա իր օգնությամբ կլինի կամ էլ մտածում էր, հենց դրա համար էլ գրել էր նոտաները:
Հեղինակ՜ Ռիմա Մարգարյան