Այդպես էլ որևէ նորմալ պատասխան չեղավ այս համակարգի նախատեսվող ներդրման առնչությամբ, թե արբանյակային ու կաբելային համակարգից օգտվող բաժանորդներն իրենց հեռուստացույցները հարմարեցնելո՞ւ են այդ ծրագրին, այսինքն՝ թվայնացման ապարատով սա՞րք են տեղադրելու, թե՞ դա նրանց համար պարտադիր չէ: Չէ՞ որ թվայնացումը նախատեսում է 18 ալիքների հեռարձակում, իսկ մալուխային-կաբելային համակարգից օգտվող բաժանորդները հնարավորություն ունեն տասնյակ կամ հարյուրավոր ալիքներ դիտել, ու ամենևին էլ խանդավառված չեն այս ծրագրի ներդրմամբ. այնպես, ինչպես միգուցե մետրայինից օգտվող բաժանորդները, որոնք ընդամենը մի քանի ալիք են դիտում: Կամ ինչո՞ւ են մարզային հեռուստաալիքները վերանալու, ո՞րն է դրա նպատակը. արտագաղթն էլ ավելի խթանե՞լ, չէ՞ որ հանրապետական հեռուստաալիքները լավագույն ցանկության դեպքում անգամ ի վիճակի չեն լինի բոլոր մարզերի խնդիրներին անդրադառնալ. հաշվի առնենք, որ այդ ծրագրի իրականացմանը զուգահեռ էլ համայնքների «օպտիմալացման» ծրագիր է ընթանում՝ «համայնքների խոշորացում» անունը կրող. տպավորություն է ստացվում, թե այդ ամենը երկրի անվտանգությանն ուղղված հեռահար նպատակ է՝ «դրսից» կառավարվող: Ամբողջ հանրապետությունով մեկ ռադիոն (այսպես կոչված «պատի ռադիոները», որոնք բնակչության համար մատչելի տեղեկատվության աղբյուր էին, ու ռազմավարական նշանակություն ունեին՝ որպես արտակարգ իրավիճակների մասին բնակչությանն շտապ իրազեկող աղբյուր), լուծարվեց «Արմենտելի» համակարգում, քանի որ օտարերկրյա սեփականատերը, ի դեմս հունական ընկերության, գտավ, որ իր համար լրացուցիչ հոգս է՝ ամիսը 100 դրամ սպասարկման վարձ գանձելով՝ ռադիո շահագործել, ու ժողովուրդն աստիճանաբար անցավ լրացուցիչ ֆինանսական ծախսերի՝ չինական մոդելի ռադիոընդունիչներ գնելով. դրանք, ի ուրախություն այդ բիզնեսի կազմակերպիչների, հաճախ երկար կյանք չեն ունենում, ու նորը գնելն ավելի էժան է նստում, քան նորոգելը: Ենթադրվում է, թե հեռուստատեսության թվայնացման նպատակն էլ էլի ինչ-որ բիզնեսի խթանումն է՝ թվայնացման ապարատի հետ կապված, որ իր հետ կարող է բերել նաև նոր տիպի հեռուստացույց գնելու անհրաժեշտություն... Ասում են, թե «սոցիալապես անապահով» խավերի համար անվճար է լինելու թվայնացման գործընթացը. հեռուստացույցն է՞լ է անվճար լինելու. կամ ի՞նչ է նշանակում «սոցիալապես անապահով խավ». մարդիկ կան, որ ոչ նպաստառու են, ոչ աշխատող, ոչ թոշակառու, քանի որ նպաստներն էլ են «մրցակցային» սկզբունքով:
...Օրերս «Ազատություն» ռադիոկայանով թվայնացմանը վերաբերող ռեպորտաժից էլ պարզ չդարձավ, թե թվայնացումը որ կես տարով հետաձգել են, կաբելայիններին ու արբանյակայիններին է՞լ է կլանելու, թե՞ ոչ: Միայն թղթակցի այն մտահոգությանը, որ թվայնացմամբ ընդամենը 18 ալիք է նախատեսված։ Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահը պատասխանեց, որ իրենք օրենքի մեջ ներառելու կետ են նախատեսել, որի կիրառման դեպքում մարզային հեռուստաալիքները չեն վերանա, իսկ լիցենզիա ստանալու գործընթացն էլ ավելի դյուրին կդառնա՝ առանց գլխացավանք պարունակող մրցութային բարդ ընթացակարգի: