Հարգելի՛ քաղաքապետ, 2012 թվականից եզդի համայնքը դիմել էր Ձեզ՝ խնդրանքով, որպեսզի Երևան քաղաքում Սարդարապատի ճակատամարտի եզդի հերոս Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչվի: Այս տարիների ընթացքում հարցի առնչությամբ տարբեր զարգացումներ տեղի ունեցան. Ձեր աշխատակազմի խնդրանքով մենք ներկայացրինք պատմական փաստեր Ջահանգիր աղայի Սարդարապատի և Բաշ-Ապարանի նրա մասնակցության կարևորության մասին, ներկայացրինք Պատմության ինստիտուտից տեղեկանք Ջահանգիր աղայի պատմական դերակատարման մասին: Քաղաքապետարանում մեզ խնդրեցին ներկայացնել անվանում չունեցող փողոց, որի անվանակոչումն ավելի դյուրին պրոցես էր ենթադրում: Այս ամենը մեր կողմից արվել է պատշաճ կերպով, և մենք չենք զլացել և չենք սրտնեղել, որ Երևանի քաղաքապետարանից Ջահանգիր աղայի կատարածի համար տեղեկանք է անհրաժեշտ եղել: Երկար սպասելուց հետո քաղաքապետարանից մենք ստացանք պատասխան, որ ավարտական աշխատանքներն են մնացել, և հարցը կմտնի ավագանու օրակարգ: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ խոսելիս հայտարարեցիք նաև Դուք և նշեցիք, որ մնացել է միայն փողոցի ընտրության հարցը: Ամիսներ անց՝ քաղաքապետարանում տեղի ունեցած մի հանդիպման ընթացքում, Ձեր աշխատակիցները ներկայացրին, որ պրոցեսը դժվարանում է, քանի որ բարդ է փողոցի անվանափոխություն իրականացնել, որովհետև բնակիչների հետ կառաջանան դժվարություններ, որոնք քաղաքապետարանի համար անհաղթահարելի էին: Ինչ-որ տեղ ըմբռնումով մոտեցանք` հուսալով, որ որոշ ժամանակ անց խնդիրը կհարթվի: Որքան էլ որ զարմանալի էր մեզ համար, արդեն երեք տարի Ջահանգիր աղայի անվան փողոցի հարցը չի լուծվում` Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնավորվելով, թե դա բարդ պրոցես է, սակայն ի զարմանս մեզ՝ այդ պրոցեսը բարդ չէ պատմական այլ դեմքերի անվամբ փողոցներ կոչելու համար: Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ մի քանի փողոցների անվանափոխություն կամ անվանակոչում է իրականացրել (Օրինակ): Ի դեպ, այդ որոշումների մասին տեղեկատվությունը զետեղված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Տրամաբանության սահմաններում չէ, երբ մի պրոցեսը բարդ է մեկ դեպքում և շատ պարզ այլ դեպքերում: Մենք հույս ունենք, պարո՛ն քաղաքապետ, որ Ջահանգիր աղայի անվամբ փողոցի անվանակոչման պրոցեսը կապված չէ նրա ազգային պատկանելության հետ: Ձեզ դիմելով ևս մեկ անգամ՝ հույս ենք հայտնում, որ մինչ Սարդարապատի ճակատամարտի այս տարվա տոնակատարությունները Դուք կամք կդրսևորեք և բարձրացված հարցին լուծում կտաք` հատկապես այն դեպքում, որ ինքներդ խոստացել եք այն մեր համայնքին: Հակառակ դեպքում խնդրում ենք պարզաբանել, թե ինչի հետ է կապված խնդիրը, և ինչու հնարավոր չէ Ձեր հրապարակային խոստման կատարումը:
Սինջար եզդիների ազգային միավորում