Pastinfo.am-ը գրում է․
Երրորդմասցի Լյովիկի սպանության գործի շրջանակներում կալանավորված 5 անձինք ազատ են արձակվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց փաստաբան Արմեն Նադիրյանը: 
 
Նա նշեց, որ իր պաշտպանյալները՝ Ավան-Առինջ թաղամասում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր Կարեն և Սուրեն Երեմյան եղբայրներն ազատ են արձակվել նախաքննական մարմնի որոշմամբ, քանի որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը չի երկարաձգվել:
 
«Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, նրանք շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիպարզապես խափանման միջոցն է փոխվել,- ասաց փաստաբանը և հավելեց,- թող քննեն, տեսնեն, որ այդ մարդիկ այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն»:
 
Ի դեպ, Երեմյան եղբայրների հետ ազատ են արձակվել նաև 2 ամիս առաջ կալանավորված տաքսի ծառայության մյուս աշխատակիցները՝ Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյան ու Նարեկ Հովսեփյանը:
 
Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նաև գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Նարեկ Հովսեփյանի փաստաբան Լևոն Ղազարյանը, ով տեղեկացրեց, որ բոլոր 5 կալանավորվածները երեկ՝ մայիսի 15-ին՝ ժամը 17-ին սահմաններույմ ազատ են արձակվել:
 
Նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փախարինվել է բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ: Ի դեպ, Նարեկ Հովսեփյանը հենց այն տաքսի ավտոմեքենայի վարորդն է, ով դեպքի օրը սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծգլին և Տլեին «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակի մոտից տեղափոխել է Նոր Նորք՝ այգիների մոտ: 
 
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Միլենա»-ի գրասենյակում տեղադրված տեսախցիկն արձանագրել էր նրանց շարժը տաքսի ծառայությունում, իսկ սպանությունից հետո նրանք ծառայության սեփականատերերի՝ Երեմյանների միջոցով պահանջել էին ջնջել տեսագրությունները:
 
Վերջիններն էլ իրենց ենթականերին են հրահանգել ջնջել փաստացի ապացվույցները, ինչի համար էլ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր, Ավան Առինջում «Թիզ» մականվամբ հայտնի Կարեն Երեմյանին, նրա եղբորը՝ Սուրեն Երեմյանին, ու նրանց 3 աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության պարտակում):
 
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել էին հայտնի քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանը` Երրորդմասցի Լյովիկը, Դրաստամատ Թադևոսյանը` Դերոն, և Մեսրոպ Նազարյանցը` Մոսոն: Նրանց սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել