
Մեր օրերում առավել քան երբևէ տարածված են առողջական ու առողջապահական խնդիրները, սակայն դրա հետ մեկտեղ օր օրի զարգանում են նաև բժշկությունն ու բժշկական տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս այնպիսի հիվանդություններ ու խանգարումներ բուժել, որոնք նախկինում անհնարին էին համարվում։
Որոշ երկրներում բժշկությունն ավելի զարգացած է, քան մյուսներում։ Այդ է պատճառը, որ մեր օրերում տարածված է բժշկական տուրիզմը. երբ մարդիկ բուժում ստանալու նպատակով բժշկական առումով թույլ զարգացած երկրներից մեկնում են այլ` ավելի զարգացած երկրներ։ Ստորև ներկայացնում ենք ամենաբարդ վիրահատությունների միջին գներն ու աշխարհի ամենազարգացած բժշկություն ունեցող 7 երկրները, որտեղ ամեն տարի հազարավոր հիվանդներ են մեկնում բուժում ստանալու նպատակով։
7 Իսրայել
Իսրայելը բժշկական տուրիզմի ամենահայտնի կենտրոններից է աշխարհում։ Մինչ որոշ երկրներից բուժման նպատակով այստեղ են գալիս, որովհետև տվյալ բժշկական ծառայությունը բացակայում է իրենց երկրում, մյուսներն այստեղ են գալիս բարձրորակ առողջապահական ծառայություններ ստանալու համար։ 2010թ-ի դրությամբ 30,000 մարդ է այցելել Իսրայել՝ որոշակի բուժում ստանալու նպատակով։ Իսրայելն աշխարհում առաջատար երկրներից է բժշկական հետազոտությունների, բիոնախագծման, բիոտեխնոլոգիաների ու կլինիկական հետազոտությունների ոլորտում։ Իսրայելի բժշկական կենտրոնները հագեցած են ժամանակակից բարձրորակ բժշկական սարքավորումներով։ Իսրայելը հատկապես առաջատար է արմատային բջիջների հետազոտության ու վերականգնողական բժշկության ոլորտներում։
6 Հնդկաստան
Բժշկության մակարդակը Հնդկաստանում ամենաբարձրերից է աշխարհում։ Երկիրը բժշկական տուրիզմի խոշորագույն կենտրոններից է։ Այստեղ իրականացվում են ամենաորակյալ վիրահատությունները, որոնք նաև գնային առումով բավականին մատչելի են՝ համեմատած այլ երկրների հետ։ Ամեն տարի այստեղ ավելի քան 100,000 հիվանդներ են այցելում բուժում ստանալու նպատակով։
5 Գերմանիա
Բժշկության ոլորտում Գերմանիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Շատերն այս երկիրը «Եվրոպայի հիվանդանոց» են անվանում: Այստեղ առավել զարագացած է սրտանոթային հիվանդությունների, ալկոհոլի հետ կապված բժշկական խանգարումների, ճողվածքների, ինչպես նաև չբերության ու կրծքի քաղցկեղի բուժումը։
4 Ֆրանսիա
Չնայած Ֆրանսիայում բուժում ստանալն այնքան էլ էժան չէ, այնուամենայնիվ, աշխարհի տարբեր անկյուններից հիվանդները հենց այս երկիրն են ընտրում բարդ վիրահատությունների կամ բուժում ստանալու համար՝ հաշվի առնելով մասնագետների աշխատանքի բարձր որակը, բժշկական կենտրոնների՝ ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունն ու առողջապահական սպասարկման բարձր մակարդակը։ Ֆրանսիայում բժիշկները 7, իսկ վիրաբույժները 11 տարի են մասնագիտանում աշխատանքի անցնելուց առաջ։ Ֆրանսիա ամենից շատ այցելում են աչքերի, սրտի վիրահատության և օրթոպեդիկ վիրահատությունների համար։
3 Սինգապուր
Աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը համարվող այս քաղաք-պետությունը բժշկական տուրիզմի առաջատար կենտրոններից մեկն է։ Այստեղ հատկապես զարգացած է քաղցկեղի բուժումը։ Սինգապուրյան «Gleneagles» հիվանդանոցն աշխարհի լավագույն 10 հիվանդանոցներից մեկն է համարվում։ Համաշխարհային առողջապահության կազմակերպության համաձայն՝ Սինգապուրի առողջապահական համակարգը լավագույնն է Ասիայում և վեցերորդն աշխարհում։ Ամեն տարի աշխարհի ամենատարբեր անկյուններից բուժում ստանալու նպատակով այստեղ են այցելում մոտ 610 հազար հիվանդներ։
2 ԱՄՆ
Չնայած բավականին թանկարժեք բժշկական ծառայություններին՝ աշխարհի տարբեր անկյուններից ամեն տարի բուժում ստանալու նպատակով ԱՄՆ են ժամանում 800.000 մարդ։ ԱՄՆ ամենից հաճախ այցելում են սրտի փոխպատվաստման, օրթոպեդիկ վիրահատությունների և այլ բարդ վիրահատությունների ու հազվագյուտ խանգարումների բուժման նպատակով։ ԱՄՆ-ի բժշկական կենտրոնները հագեցած են աշխարհում լավագույն բժշկական սարքավորումներով ու բժշկական անձնակազմով։
1 Թաիլանդ
Ամեն տարի բուժման նպատակով ամենից շատ մարդիկ նախընտրում են հենց Թաիլանդ այցելել։ Ընդհանուր առմամբ 1.2 միլիոն մարդ է ամեն տարի ժամանում Թաիլանդ՝ օգտվելու բժշկական բազմազան ծառայություններից՝ բարդ վիրահատություններից մինչև վերականգնողական բուժում։ Բժշկական ծառայություններն այլ երկրների համեմատ այստեղ միաժամանակ թե՛ որակյալ են և թե՛ մատչելի։ Թաիլանդ հատկապես շատ են այցելում պլաստիկ վիրահատությունների համար, որոնք այստեղ ամենամատչելին են աշխարհում։
Ամենաբարդ վիրահատությունների միջին գներն աշխարհում
♦ Սրտի փոխպատվաստումն ամենաբարդ ու ռիսկային վիրահատություններից մեկն է։ Այս վիրահատության միջին գինն աշխարհում 787,700 դոլար է կազմում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում այն 1,000,000 դոլար արժե, իսկ Հնդկաստանում հնարավոր է բարձրակարգ մասնագետների կողմից վիրահատության ենթարկվել նույնիսկ 65,000 դոլարով։ 2013թ-ին Ֆրանսիայում առաջին անգամ հաջողությամբ կատարվեց սրտի առաջին արհեստական փոխպատվաստումը, որն արժեր 235,800 դոլար։
♦ Ողնուղեղի փոխպատվաստման միջին գինն արժե 676,800 դոլար (այլ դոնորի ցողունային բջիջներն օգտագործելու դեպքում) և 300,400 դոլար (հիվանդի սեփական ցողունային բջիջներն օգտագործելու դեպքում)։ ԱՄՆ-ում, օրինակ, գները տատանվում են առաջինի դեպքում՝ 150-200 հազար, իսկ երկրորդի դեպքում՝ 50-100 հազարի։ Այս դեպքում էլ Հնդկաստանում բուժումն ավելի մատչելի է՝ կազմելով մոտավորապես 15-20,000 դոլար։
♦ Լյարդի փոխպատվաստում - 523,400 դոլար
♦ Երիկամի փոխպատվաստում – 259,000 դոլար
♦ Աչքի եղջերաթաղանթի վնասվածք – 153,000 դոլար
♦ Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում – 275,500 դոլար
♦ Թոքերի փոխպատվաստում – 657,800 դոլար (կրկնակի) և 450,400 դոլար (մեկի դեպքում)
♦ Աղիների փոխպատվաստում – 1,121,800 դոլար
♦ Ուղեղի քաղցկեղի բուժում – 50-700,000 դոլար՝ կախված բարդություններից։