Հաճախ մարդիկ ինձ հարց են տալիս, թե ի՞նչ են փորձում քարոզել աղանդավորները մարդկանց, եւ ինչի՞ց պետք է հատկապես զգուշանանք եւ սթափ լինենք:
Նախ նշեմ, որ մեզ համար, այսինքն՝ հայերիս համար, որեւէ կրոնական շարժում, որը չի պատկանում հայ Առաքելական եկեղեցուն, պաշտոնապես եկեղեցու կողմից նզովված է: Առ այսօր վրաց եկեղեցին չի ճանաչում հայաստանյան Առաքելական եկեղեցին՝ հայտարարելով հերետիկոս: Ինչո՞ւ, որովհետեւ հայ եկեղեցին չընդունեց Քաղքեդոնի ժողովը՝ մնալով 431 թվականին Եփեսոսում տեղի ունեցած 3-րդ տիեզերական ժողովի ընդունած որոշմանը հավատարիմ, որտեղ իշխողը Ղպտի նշանավոր պատրիարք Կյուրեղ Ալեքսանդրացու բանաձևն էր Քրիստոսի երկու բնությունների մասին. «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ»: Այսինքն՝ աստվածային ու մարդկային երկու բնությունների միություն էր դավանվում: Հիմա նրանք մեզ մեղադրում են, թե ինչու մենք չենք ընդունում Քաղքեդոնի 4-րդ տիեզերական ժողովի որոշումը, ուր Քրիստոսի երկու բնությունները հայտարարվեցին անջատ՝ «անխառն եւ անշփոթ», այսինքն՝ մարդկային և աստվածային բնությունները գործում էին իրարից անջատ՝ ի տարբերություն մեր դավանանքի, որի համաձայն այդ բնությունները՝ աստվածային եւ մարդկային, գործում էին միասնաբար, միասին, այսինքն՝ երբ Քրիստոս հրաշք էր գործում աստվածային բնության հետ միասին չէր դադարում եւ մարդկայինը գործելուց, իսկ երբ հուզված էր, ուտում էր, խմում, նրա մեջ միաժամանակ գործում էր ինչպես մարդկային, այնպես էլ աստվածային բնությունը:
Այսօր Հայաստանում գործող անորոշ դեմքով ու դիմագծով եւ դավանաբանական ոչ մի հիմք չունեցող կառույցները ցանկանում են, որ համարժեք աստիճանի կանգնած լինեն հայ Առաքելական եկեղեցու հետ, ինչո՞ւ, որովհետեւ իրենք էլ են համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամ: Այո՛, կարող են միջազգային որեւէ խորհրդի անդամ լինել, բայց այն, որ մեր եկեղեցու համար համարվում են աղանդ, դա ինքնին փաստ է, որովհետեւ աղանդ-սեկտ նշանակում է առանձին կամ առանձնացած մի ճյուղ, նրանք չեն կարող հայ եկեղեցու ընդհանուր մաս կազմել:
Ինձ զարմացնում է ինչպես վրաց եկեղեցու, այնպես էլ վրաց ժողովրդի կեցվածքն իր եկեղեցական արժեքների նկատմամբ։ Նրանք իրենցից բացի որևէ մեկին չեն ուզում ընդունել, նույնիսկ մինչև 607 թվականը հայ եկեղեցու ենթակայության տակ գտնված լինելով հանդերձ մեր եկեղեցին չեն ընդունում՝ այդ կերպ կերտելով, ամրագրելով իրենց ազգային դեմքը, դիմագիծը՝ ի տարբերություն մեզ, որ մեր ժողովուրդը, կարծեք մեկդի թողած աստվածաշնչյան բանական ոչխարի կերպարը, պարզ ոչխարների նմանողությամբ գնում է ամեն մեկի ետեւից, ով Հիսուսի անունից ինչ-որ բաներ է բարբաջում, իբրեւ թե փրկության ճանապարհն են ցույց տալիս:
Այս պահին ցանկանում եմ երկու կարեւոր պարագա կարդալ Աստվածաշնչից, որը մեր ժողովրդին պետք է սովորեցնի վերջապես սթափ լինել եւ հասկանալ, որ այս մարդկանց ներկայությունը Հայաստանի տարածքից ներս ոչ թե մեր հոգու փրկության համար է, այլ մեր ժողովրդի կործանման համար։ Նրանք դրսից այստեղ են եկել իրենց ֆինանսով ոչ պատահականորեն: Իսկ մենք ինչպես ամբողջ պատմության ընթացքում եղել ենք քաղաքականությունից զուրկ, այսօր էլ, մնալով նույնը, մեր իսկ ձեռքերով կործանում ենք ինչպես ինքներս մեզ, այնպես էլ մեր Սրբազան Երկիրը:
Քրիստոս Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ, 15 համար. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց, մի՞թե փշերից խաղող եւ տատասկից թուզ կքաղեն»: Դժբախտաբար, ավետարանական այս խոսքը չեղավ մեզ համար ցուցում, այլ մնաց պարզապես խոսք։ Քանի որ մենք մի ժողովուրդ ենք, ում համար շատ ավելի կարեւոր է երեւույթը, քան իմաստը, դարձել ենք այդ երևութապաշտական զգացումներով դատարկ խոսքերի գերին։ Կուրորեն դառնում ենք աղանդների հետևորդները, որոնք ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ կամ ամենաշատը 100 տարի առաջ են ձեւավորվել՝ առանց հասկանալու՝ ինչու են նրանք հայտնվել այստեղ, ինչ են ուզում մեզանից, արդյոք նրանց նպատակը մեր փրկությո՞ւնն է, թե՞ մեզանից փրկվելը: Հիշեք գեներալ Պասկևիչի խոսքը, կամ Լորիս Արաբիացունը. «Մեզ Հայաստանը պետք է առանց հայերի»։
«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԵԿԵՂԵՑԻ ՉՈՒՆԵՆ»
Այսօր շատ է խոսվում Եհովայի վկաների մասին։ Ի՞նչ գիտեք մենք, թե այդ ուսմունքն իրենից ինչ է ներկայացնում վերջապես։ Ուսմունք, որի առաջին իսկ քայլերը հիմնվեցին քայքայման և բաժանման վրա։ Հիշեք, քարոզիչ Բապտիս Բարբյուսի եւ տեքստիլի վաճառական Ռասսելի միությունից ձեւավորվեց այդ շարժումը, որից, 1874 թվականին բաժանվելով, Ռասսելը հիմնեց «Սիոնի դիտարանի»: 1930-ական թվականներին նրանց քարոզիչներից մեկը, հիմք ընդունելով Եսայի մարգարեի 43 գլխի 10համարի «Եղէք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ, -ասում է Տէր Աստուած» տողը, շարժումը կոչեց «Եհովայի վկաներ»։ Պետք է ասեմ, նախ, որ Եհովան անուն չէ, դա տառերի հապավում է եւ «յահվե» բառն է, որը ձեւավորվել է 11-րդ դարում, իսկ Աստվածաշնչում նման անուն գոյություն չունի: Հրեական Աստվածաշնչում Աստծո անուն գոյություն չունի, որովհետեւ «Քո տէր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես» (Ելից գիրք 20.7) պատվիրանը հրեաների համար դարձավ այնպիսին, որ նրանք նույնիսկ Աստված բառը չեն օգտագործում, այլ նշում են «Հավիտենականը» ձևով, իսկ հայերենում այդ նույն ձևը պահպանված է գրաբարի «ես եմ որ Է-ն», այսինքն՝ հավիտենականը: Դժբախտաբար, այսօր այնպիսի դեմք ու դիմագիծ է ձեւավորվել մեր ժողովրդի որոշ հատվածի մոտ, որ մի լիտր ձեթի ու մի կիլոգրամ ալյուրի համար պատրատ են իրենց հոգին ծախելու: Սկզբից գնում, ընկնում են թակարդը, իսկ հետո հայտնվում են դժբախտության ճիրաններում, ինչպես, ասենք, Իսպանիայում գործող «Խորան» աղանդավորական շարժման մեջ հայտնված հայերը, որոնք կողոպտվել էին իրենց կեղծ քարոզչից և նրա տիկնոջից:
Այսօր շատերին է հետաքրքրում «Եհովայի վկաներ» շարժումը, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Նախ Եհովայի վկաները եկեղեցի չեն եւ նույնիսկ չունեն, նրանք պարզապես կազմակերպություն են, իսկ իրենց հավաքավայրը կոչվում է «արքայության սրահ», որտեղ արարողություն չի կատարվում: Դա հատուկ միսիոներական ծրագիր է, եւ իրենք աշխատում են ինֆորմացիա հավաքելու վրա: Ի՞նչ է նշանակում հետախուզություն, ինֆորմացիայի աղբյուր։ Զարմանալին այն է, որ նրանց մոտ արգելված է միանձնյա քարոզչությունը, եւ, ինչպես գիտեք, քարոզչություն իրականացնում են երկու հոգով, որպեսզի առաջինը հսկի երկրորդին, իսկ երկրորդն էլ առաջինին, թե ինչ եւ ինչպես ասեց, ինչ տեղի ունեցավ եւ այլն։ Այդ բոլոր ինֆորմացիան ավելի ուշ գրավոր տրամադրվում է իրենց կենտրոնին: Եհովայի վկան իրավունք չունի աղոթելու, նրա աղոթքը Եհովային է փոխանցում «Եհովայի խողովակ» կոչված տասներկու անդամից բաղկացած կենտրոնական կոմիտեի անդամներից մեկը։ Այդ մասին մանրամասն տեղեկություն կարող էք ստանալ Գերմանիայում լույս տեսա «Handbuch Religiose Gemeinschaften»՝ հրատարակված Gtersloher Verlagshaus-ի կողմից 1978թ., ծավալուն գրքում, ուր ներկայացված են աշխարհի բոլոր կրոնական շարժումները։ Որով նրանք չունենալով պաշտամունքային կառուցվածք, դադարում են եկեղեցական, համայնքային կառույց լինել, այլ միայն քարոզչական ծրագիր իրականացնելով՝ իրագործում են հատուկ նպատակ, ազգերից արմատախիլ անելով ավանդությունները և ընդհանրականի սահմանագծի մեջ անորոշության դատապարտելով ազգային ամեն ինչ: Նրանց գործունեությունը սահմանափակվում է միայն քարոզչությամբ։ Այդ կազմակերպության օգտագործած Աստվածաշունչն ամբողջովին աղավաղված է, քանի որ այն վերաշարադրված է իրենց գործելաոճին համապատասխանող տեքստով: Ցավոք երկրաշարժից հետո, տոննաներով կեղծ Աստվածաշունչ ուղարկվեց Հայաստան՝ իրենց կողմից հրատարակված, ուր ամեն տեղ, ամեն բառից հետո կարդում էիր Եհովա անունը: Եթե ուսումնասիրեք մեր պատմական ձեռագրերը, չեք գտնի մի Աստվածաշունչ, որտեղ գրված լինի Եհովա բառը: Եվ հանկարծ 1988-ի երկրաշարժից հետո ամբողջ Հայաստանը ողողվեց այդ կեղծ աստվածաշնչերով: Կհարցնեք ինչո՞ւ, որովհետեւ հող էր նախապատրաստվում այսօրվա համար, նրանք իրենց գործած քայլերով ապացուցում են, որ կրոնի հետ ընդհանրապես կապ չունեն, դա քաղաքական ծրագիր-շարժում է ավելի, քան կրոնական: Իսկ մեր միամիտ ժողովուրդը չի հասկանում, որ ամեն Աստծո անունից խոսող դեռ հավատացյալ չէ:
Երբ «Խորան» աղանդի, այսպես կոչված, քարոզիչները մարդկանց կողոպտում են հենց ուղիղ իմաստով, նրանք էլ են Հիսուս Քրիստոսի անունն օգտագործում։ Ցավոք, մեր բարի, միամիտ հավատացյալները չեն կարդացել Մատթեոս ավետարանի 24-րդ գլխի 4-րդ համարը, ուր ասվում է. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թե ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն: Զգույշ եղեք, չխռովեք, որովհետեւ պետք է, որ այդ ամենը լինի, եւ դրանից հետո պետք է լինի երկրորդ գալուստը»: Ուրեմն այդ սուտ մարգարեները եկել են ոչ թե մեր փրկությունը ապահովելու, այլ Տիրոջ երկրորդ գալուստը կանխատեսելու։ Սակայն չմոռանանք՝ ե՞րբ էր կատարվելու երկրորդ գալուստը. երբ որ Նեռը իշխեր մեր հոգիների վրա: Ուրեմն սրանք Նեռի, սատանայի քարոզիչներն են եւ ոչ թե Աստծո: Եվ ուրիշ մի ողբերգություն է կատարվում. հայ Առաքելական եկեղեցին երբ մարդուն մկրտում է, ի՞նչ կերպ է այն անում: Երեք խորհուրդների միջոցով` մկրտություն, դրոշմ եւ հաղորդություն: Իսկ իրենք ի՞նչ են անում: Մկրտում են միայն ջրով, այդ կերպ մեր վրայից պարզապես ջնջում են սրբազան երեք խորհուրդների զորությունը. լվանալով ջնջում են մեր վրայի ճշմարիտ քրիստոնյայի դրոշմը, այն նշանը, որը որոշիչն է մեր քրիստոնեական ինքնության: Այսինքն՝ հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ կանգնելով Աստծո դատաստանի առաջ, ոչ մի դրոշմ չունք ունենալու մեզ վրա:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ