Երեկվա նիստում կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նույն օրը նույն համաձայնագրի կնքմանը համաձայնություն էր տվել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
Այսպիսով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և իր գործընկեր, ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, ովքեր մասնակցում են Երևանում գումարված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական համաժողովին, ստանալով իրենց կառավարությունների հավանությունը, նույն օրն ևեթ ստորագրեցին նշված համաձայնագիրը:
Նախարարները հույս հայտնեցին, որ Հայ- ռուսական (Սլավոնական) համալսարանն առավել գրավիչ կդառնա ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա ուսանողների համար: Նոր համաձայնագրով այդ բուհն ստանում է գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Երկու երկրներում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան կրթօջախը մատուցելու է ինչպես հիմնական մասնագիտական ծառայություններ, այնպես էլ իրականացնելու է լրացուցիչ կրթական ծրագրեր և գիտանորարարական գործունեություն: Համաձայնագրով նաև նախատեսվում է երկու պետությունների աջակցությամբ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կատարել տեխնիկական վերազինում` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ լաբորատորիաներ:
Կառավարությունը նաև համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը կնպաստի նշված բնագավառում կրթական ծառայությունների ցուցահանդեսային գործունեությանն ու գովազդի կազմակերպմանը, ինչպես նաև տեղեկատվության, ուսումնական նյութերի փոխանակմանը: