Երեկ մի շարք մտահոգված ՀՀ գիտակից քաղաքացիներ հանրային քննարկում էին կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման հարցի շուրջ: Բան չունեմ ասելու, ահագին մարդ էր հավաքվել, լրատվամիջոցների ներկայացուցիչներ կային, բայց... զարմանալի է, որ նման հարցի հանրային քննարկմանը հասարակությունը մատների արանքով է նայում: Չքաղաքականացնել՝ ծեծված արտահայտություն, որն արդեն իրեն սպառել է: Քաղաքական գործիչներից ներկա էր միայն Արմեն Մարտիրոսյանը: Դա այն հարցն է, որ պետք է Ազատության հրապարակ բերեր ավելի շատ մարդու՝ սկսած ՀՀԿ-ականներից մինչև մեկ ավտոբուսի կուսակցությունները, բանվորից մինչև միջին ու նույնիսկ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներին: Ախր էլեկտրաէներգիայի թանկացումն այն հարցն է, որը, բացի ամսական, ասենք, 2000 դրամ ավել գումար վճարելուց, որը մի մեծ բան չէ, ազդելու է ամեն ինչի թանկացման վրա: Էլեկտրաէներգիայի 17 դրամ թանկացումը կյանքը ամսվա կտրվածքով թանկացնելու է մի քանի տասնյակ հազար դրամով, ու աբսուրդ է, որ այդ հարցն այդքան քիչ թվով մարդկանց էր հետաքրքրում: Լավ, ո՞վ է պայքարելու ձեր փոխարեն: Ինչքա՞ն պիտի մենք ուրիշի կայֆի, ցոփ ու շվայտ կյանքի, թալանածի համար վճարենք: Այնքան են հոտառությունը կորցրել, որ բացեիբաց ասում են, որ ՀԷՑ-ի սխալ կառավարման ու կայֆավատի արդյունքում սնանկանում է ընկերությունը, նույնիսկ փորձ չեն անում կռուտիտ անեն ինչ որ կերպ: Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ քաղաքացուն բանի տեղ դնող չկա իշխանական օղակներում:
Հետսովետական երկրներում, թերևս բացի Մերձբալթյան երկրներից, որոնք քաղաքացիական առումով այդպես էլ չինտեգրվեցին ԽՍՀՄ-ի հետ, նույն վիճակն է: Հասարակության մոտ 70 տարվա ստրկությունն ու հետագա մոտավորապես նույն մոդելի բռնապետությունը բերել է մենթալ մուտացիաների: Կախված տվյալ պետության աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական պայմաններից, ինչ-ինչ տարբերություններ կան, բայց մեծ հաշվով նույն վիճակն է: Հասարակության՝ որպես քաղաքացի որակն անդառնալի դեգրադացվել է, ու տասնյակ տարիներ են պետք կրկին քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար, որի դեմը համակարգված ձևով առնում են իշխանություները՝ անկախ իրենց որակից: Կապ չունի, թե ինչ իշխանություն է, բոլորն էլ գալիս են թալանելու՝ ժողովրդին թողնելով լավագույն դեպքում հացի խնդիր ապահովել, այնպես, որ անգամ ժամանակ էլ չունենան պայքարելու իրենց հիմնարար իրավունքների ու ազատության համար: