Արդեն իսկ ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման գործընթացը ծավալվելու է հանրային դիմադրության պայմաններում:
Դրա առաջին ու կազմակերպված դրսևորումը կարելի է համարել երեկ երեկոյան Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած քննարկումը, որին հաջորդեց մի քանի տասնյակ երիտասարդների բողոքի երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, «Ոչ հոսանքի թանկացմանը», «Չենք վճարելու», «Մենք պարտք չունենք» վանկարկումներով:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու վերաբերյալ: Ըստ առկա տեղեկատվության՝ ՀԷՑ-ն ակնկալում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ.ժ-ի դիմաց սահմանվի 59 դրամ (ցերեկային), ներկայիս 42-ի փոխարեն, իսկ գիշերայինը՝ համապատասխանաբար՝ 49 դրամ (այժմ 32 դրամ):
Պարզ ասած, առաջարկվում է, որ հոսանքի 1 կիլովատ/ժամը թանկանա 17 դրամով:
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս խնդրին ու ՀԷՑ-ի ներկայացրած հայտին` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մասնավորապես ասել է. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»:
Նա նշել է, որ հանձնաժողովը բարձրացված խնդրին մասնագիտական գնահատական կտա, և հանրությանը հորդորել է համբերել՝ այդ պատասխանին տեղեկանալու համար:
Բայց խնդիրն այն է, որ հանրությունը կարող է և առանձնապես չհամբերել կամ, ավելի ճիշտ է ասել, հասարակության մեջ ոչ բոլորն են մտադիր համբերատար սպասել, թե ՀԾԿՀ-ն ինչ մասնագիտական պատասխան կտա: Այսինքն` արդեն առկա են խմորումներ, որոնք պարզորոշ հուշում են. հանրության առավել ակտիվ շերտը հակված չէ ամեն ինչ թողնել «վերջին օրվան», այն է՝ ՀԾԿ հանձնաժողովի նիստին: Ավելին` հանրության այդ հատվածը մտադիր է որոշակիորեն հակազդել ու դիմադրել թանկացման հերթական փորձին:
Որպես ասվածի վկայություն՝ կարելի է նշել օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ձևավորված խումբը, որ երեկ արդեն միանգամայն կազմակերպված հանդես եկավ «Ո՛չ թալանին» նախաձեռնությամբ: Նշեցինք արդեն, որ բուն ակցիան բազմամարդ չէր, միայն մի քանի տասնյակ երիտասարդներ էին հիմնական մասնակիցները:
Ազատության հրապարակում նկատվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև ՀՀՇ իշխանության տարիներին քաղավիացիան ղեկավարող Շահեն Պատրոսյանը: Սակայն նրանք ավելի շուտ դիտորդի կարգավիճակում էին, քան մասնակցի: Իսկ ակցիայի, հաջորդած երթի կորիզը, կարելի է ասել, վերջին տարիներին տեղի ունեցած հանրային նման դրսևորումների մասնակիցներն էին:
Ամեն պարագայում, անգամ ներքաղաքական ներկայիս նիրհած կամ «քնած» կացության խորապատկերում, կանխատեսելի է հասարակական որոշակի ակտիվացում: Ճիշտ է, հոսանքի նախավերջին թանկացման դեպքում էլ փորձ արվեց «փողոցային պայքարով» հակազդել, սակայն այն ժամանակ ակցիաներն ակնհայտորեն քաղաքականացված էին, և գործընթացը փորձում էր «վարել» ՀԱԿ-ը: Սակայն բողոքի այդ ակցիաները բազմամարդ չէին, որպեսզի հանրային լուրջ ճնշում ապահովեին:
Միանգամայն բնական է, որ թանկացումը, տվյալ դեպքում՝ սակագնի բարձրացման հայտը, հասարակության բոլոր շերտերում դժգոհություն է հարուցել: Մարդիկ բակերում, հասարակական փոխադրամիջոցներում, փողոցներում, աշխատավայրերում հենց միայն դրա մասին են խոսում: Այսինքն՝ առկա է որոշակի տրամադրություն ու վերաբերմունք: Եթե դրան հավելենք սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված տրամադրությունները, ապա ընդհանուր պատկերը կամբողջանա:
Ի վերջո, կան օբյեկտիվ նախադրյալներ, որոնք էլ հենց վերը նշված դիմադրության վերաբերյալ կանխատեսման հիմք են տալիս:
Թե ինչ հուն կստանա այս գործընթացը, կախված է, նախ, իշխանության ներկայացուցիչների պահվածքից ու հրապարակային հայտարարություններից: Այսինքն՝ իշխանությունները, համապատասխան պետական կառույցները կկարողանա՞ն հիմնավորել թանկացման անհրաժեշտությունը, ինչպե՞ս և ի՞նչ բացատրություններ կներկայացնեն հասարակությանը:
Նմանապես կարևոր է, թե իրենց ինչպես կդրսևորեն քաղաքական տարբեր ուժերը, հասկանալի է, առաջին հերթին՝ ընդդիմադիրները: Վերջիններս, իհարկե, կարող են փորձել և փորձեն հոսանքի թանկացման հնարավորության և դրա հետ կապված տրամադրությունների «հողի վրա» որոշակի դիվիդենտներ շահել, այսպես ասած՝ «ռեաբիլիտացվել» առնվազն համակիրների առջև:
Մյուս կողմից, սակայն, շատ հնարավոր է, որ հոսանքի թանկացման դեմ հասարակական նախաձեռնությունը որևէ քաղաքական ուժի, ընդդիմադիր կուսակցության «տրամադրության տակ» չանցնի: Նման մի բան վերջին տարիներին արդեն դիտարկվել է: Հիշեցնենք, օրինակ, Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ շարժումը։ Հիշեցնենք նաև, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ձևավորված «Դեմ եմ» շարժումը ևս, իր ծավալած պայքարի ընթացքում, հիմնականում չկուսակցականացվեց։
Վերադառնալով կոնկրետ առաջիկայում հոսանքի հնարավոր թանկացման հարցին՝ պետք է նկատել, որ ՀԷՑ հայտի քննարկումը կայծակնային բնույթ չունի: Այսինքն՝ որոշակի ժամանակ կա, իսկ երիտասարդ ակտիվիստներն այլ դեպքերի հետ կապված, արդեն ցույց են տվել, որ ավելի կազմակերպված ու մոբիլ են, կարողանում են գրագետ օգտագործել հաղորդակցության ժամանակակից հնարավորությունները և համախմբվել: Ավելին՝ եթե կոնկրետ մեկ խնդիր են առաջադրում ու կարողանում են խուսափել որևէ քաղաքական ուժի ազդեցության տակ ընկնելուց, ապա ավելի նկատելի արդյունքներ են արձանագրում:
Այսինքն՝ հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել, և կարծես հենց դրա նախնական դրսևորումն էլ դիտարկվում է: Ըստ էության, հասարակական խմբերը փորձում են իրենց վրա վերցնել ընդդիմադիր ուժերի, որոշակի իմաստով նաև վերահսկող մարմինների դերը և հակազդեցություն ցույց տալ:
Վերջին հաշվով, սպառած էլեկտրաէներգիայի դիմաց կանոնավոր ու պարտաճանաչ, մինչև վերջին լուման վճարող բարեխիղճ սպառողի տեսանկյունից բացարձակապես անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է որևէ ապրանք վերավաճառողն այդքան կարճ ժամանակում այդքան ահռելի պարտքեր կուտակել՝ փորձելով ֆինանսական այդ ճեղքվածքը փակել սակագնի նկատելի բարձրացման հաշվին: