Երբ Էներգետիկայի նախարարը Երևանի պատմության ամենակաշառակեր նախկին քաղաքապետը լինի, բնականաբար մեր օրն էլ էսպիսին պետք է լինի։ Զախարյան Երվանդի անհուն ագահության մասին կարելի է հատորներ գրել, ու էս մարդն իսպառ զուրկ է կշտանալու ունակությունից։ Ասում են՝ էս վերջերս բանը հասել է նրան, որ անգամ Հովիկ Աբրահամյանն է անձամբ կարգի հրավիրել Զախարյանին, երբ բռնացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում հայտարարված տենդերում հաղթել է ամենաբարձր գին առաջարկող ընկերությունը, և Զախարյանը ստիպված չեղյալ է հայտարարել այդ որոշումը...
Ինչևիցե, հիմա այս մարդը ղեկավարում է երկրի ռազմավարական ճյուղերից մեկն ու չի էլ ամաչում տեսախցիկների առջև հայտարարել, որ իրականում Հայաստանից ու ՀԷՑ-ից ոչինչ կախված չէ, և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելը պարզապես օրվա հրամայական է։ Ակամայից հարց է աառաջանում, որ եթե երկրից ու երկրի կառավարման համար պատասխանատու մարմիններից, այդ թվում նաև էներգետիկայի նախարարությունից ոչինչ կախված չէ, ապա ինչների՞ս է պետք նման մարմին ու նման մարմինը ղեկավարող հիմնովին վարկաբեկված մեկը, ում անգամ օրինական եկամուտները բավականին ծանր բեռ են հարկատուների միջոցների համար։
Դրա համար էլ հիմա կանգնած ենք միանգամայն հավանական ռիսկի առջև, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն արդեն իսկ հավասար է Մոսկվայի սակագներին, և դա այն պարագայում, երբ Մոսկվայում մարդկանց միջին եկամուտը մի քանի անգամ ավելի բարձր է, քան նույնիսկ երևանաբնակներինը (էլ չխոսենք մարզերի մասին), ու մեծ հավանակնությամբ այս գինն էլ ավելի է բարձրանալու։
ՀԷՑ-ը ՀԷՑ-ով, ի վերջո, դա մասնավոր կազմակերպություն է, ու դեռ ինչ-որ տրամաբանություն կարելի է տեսնել դրա քայլերում, որովհետև բիզնեսը միշտ էլ իր շահերի մասին է մտածել ու մտածելու, ինձ առավել անհանգստացնում է այն, որ այդ բիզնես շահերին ժողովրդական շահերը հակադրելու համար կոչված մարմիններն են ավելի հանցավոր ու կասկածելի, քան նույն ՀԷՑ-ը։ Ու քանի դեռ Երվանդ Զախարյանի պես արատավոր մեկն է պատասխանատու այս ոլորտի համար, մեր սակագները հա էլ աճելու են, իսկ ՀԷՑ-ը հա էլ չարաշահելու է իր մենաշնորհը Հայաստանում։