Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցում փորձելու են կիրառել հին ու բարի տրյուկը՝ «Չար ՀԷՑ, բարի Կառավարություն»։ Այո, սիրելիներս, մեզ կրկին ձեռ են առնում ու հերթական անգամ խեղկատակություն անելով՝ փորձելու են ցրել հանրային բողոքի ալիքը։
Կարծում եմ՝ գործարկվելու է հետևյալ մեխանիզմը. ՀԾԿՀ-ն քննելու է ՀԷՑ ու այլ սպառող ընկերությունների ներկայացրած հայտը ու, մեծահոգ ժողովրդասերի դիմակը հագած, հայտարարելու է, որ 60 դրամը շատ թանկ է։ Այնուհետև, իբր լարված բանակցությունների արդյունքում կորոշեն, չնայած արդեն որոշել են, որ ՀԷՑ-ը հսկայական վնասներով է աշխատում, ու առանց թանկացնել, այնուամենայնիվ, չեն կարող ու կսահմանեն նոր սակագին՝ ասենք 50 դրամ 42 դրամի փոխարեն։
Ինչ խոսք, սա սրիկայություն է։ Սրիկայություն է ՀԷՑ-ի կողմից, որը միայն գերշահույթ ստանալու նպատակներ է հետապնդում։ Սրիկայություն է ՀԾԿՀ և կառավարության կողմից, որովհետև նրանք սպասարկում են ռուսական Ինտեռ-ՌԱՕ-ի շահերը, ոչ թե ժողովրդինը։ Չէ՞ որ արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ը մի շարք կոպիտ խախտումներ է թույլ տվել, և պարզվել է, որ գոյություն ունեն ինչ-որ բանկային հաշիվներ, որոնք չեն վերահսկվում ՀԾԿԿՀ-ի կողմից, և որոնց վրա ՀԷՑ-ը դրամական փոխանցումներ է անում, ինչը կոպիտ խախտում է, քանզի անհնար է դառնում պատկերացում կազմել ՀԷՑ-ի իրական շահույթի մասին, դրանք էլ, օգտվելով այդ մեքենայական սխեմայից, հայտարարում են, որ վնասով են աշխատում։
Մյուս կողմից, ամենասարսափելին այն է, որ, դատելով Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարությունից, որոշումն արդեն կայացված է, ու հիմա ողջ հարցը նրանում է, թե որքան կլինի հանրային ցնցումները հնարավորինս մեղմելու մեջ, և վերջնական գինը կախված կլինի նրանից, թե որքանով անտարբեր կգտնվի հանրությունը հերթական այս բեսպրեդելի հանդեպ։
Այնպես որ, սիրելիներս, մնում է կա՛մ ձգել գոտիներս, կա՛մ էլ այդ գոտիներով այնպես հարվածել մեզ հարստահարողների փափուկ տեղերին, որպեսզի մյուս անգամ կրկին մտածեն նման բացահայտ թալանի որոշում կայացնելուց առաջ։