Երեկ՝ օրը ցերեկով, արտասահմանյան մակնիշի հսկայական մեքենան կայանել էր Վանաձորի դատարանի ուղիղ մայթին: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, այն էր, որ մի Շամշյան էլ էստեղ չկա՞, որ պահն անմահացնի՝ նկարահանի ու ասի. «Ժողովուրդ ջան, էս հայվարա ավտոն, որ տենում եք մայթին, ուրեմն ոչ ավել, ոչ պակաս՝ պատկանում ա....»: Ահա և ձեզ մարզերի ու մայրաքաղաքի տարբերության ևս մեկ ապացույց. «պապարացիների» ու ֆոտոլրագրության ժանրի ոչ բավարար մակարդակ: Հնարավոր է, տեղական հեռուստաօպերատորներն արդարանան, թե այդ օրը կամ այդ պահին դատարանի շենքի մոտով չեն անցել. թեպետ, լրագրողներ կամ օպերատորներ կան, որ հաճախ օրվա զգալի մասն անցկացնում են որևէ աղմկահարույց նիստի մասնակցելով, ու հազիվ թե 1-ին դեպքը լինի, երբ այդ մայթին ավտոմեքենա է կանգնում. առավել ևս այն դեպքում, երբ բակում լիքը ազատ տարածություն կա: Եթե օրը ցերեկով արդարադատության մարմնի «քթի տակ» է օրինախախտում տեղի ունենում, էլ ի՞նչ օրինականության մասին կարելի է խոսել ու զարմանալ կամ զայրանալ, թե ինչու են ավտոտեսուչներն ավելի հաճախ «Սովետի թվի» խեղճուկրակ «Ժիգուլիներին» «բռնեցնում» օրենք «խախտելիս»: Իսկ ընդհանրապես Վանաձորում հաճախ կարելի է տեսնել մայթերի վրա առոք-փառոք կանգնած մեքենաների, որոնք երևի թե «անձեռնմխելիության» «դաբրո» ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել