Վիճակագրության համաձայն` ամեն օր մեր մոլորակի բնակիչները երկու միլիարդ գավաթ սուրճ են խմում: Սուրճն այսքան սիրված ըմպելիք է դարձել թարմացնելու հատկության շնորհիվ: Բայց ինչպես պարզել են գիտնականները, սուրճի թարմացնող ներգործությունը մեծամասամբ սովորական ինքնաներշնչանք է:
Մարդկանց մեծ մասն իրոք վստահ է, որ եթե իրենց զրկեն սուրճից, քնկոտ կդառնան, և աշխատունակությունն էլ զգալիորեն կնվազի: Բայց Իսթ Լոնդոնի համալսարանի գիտնականների կարծիքով սուրճն այդ առումով օրգանիզմի վրա նվազագույն ներգործություն ունի, իսկ դրա թարմացնող ազդեցության պատճառն իրականում մարդու անսասան հավատն է:
Այս տեսակետի հաստատման համար փորձ են արել, որին մասնակցել է 18-47 տարեկան 88 մարդ` բոլորն էլ սուրճի մեծ սիրահարներ, ովքեր օրական խմում են առնվազն 2 գավաթ:
Այդ մարդկանց թեստային առաջադրանքներ են տրվել, ստուգվել է նրանց ռեակցիայի և առաջադրանքների կատարման արագությունը, մտքի կենտրոնացման ունակությունը:
Փորձի մասնակիցները, ովքեր մի քանի ժամ սուրճ չէին խմել, սկզբում հաջողությամբ կատարում էին բոլոր առաջադրանքները: Փորձերի երկրորդ փուլում մարդկանց մի մասին տվեցին կոֆեինի զրոյական պարունակությամբ սուրճ, իսկ երկրորդ մասին` բնական սուրճ: Ընդ որում, առաջին խումբը կարծում էր, թե բնական սուրճ է խմում, իսկ երկրորդ խումբը հակառակը` կարծում էր, թե սուրճն առանց կոֆեինի է:
Ինչպես արդեն կարելի է կռահել, սուրճը ոչ մի կերպ չանդրադարձավ 88 մարդու մտավոր ունակությունների վրա: Փորձությունների երկրորդ մասում այն խումբը, որը սովորական սուրճ էր խմել, բայց կարծում էր, թե դա կոֆեինազուրկ է, ընդհանրապես ոչ մի դրական փոփոխություն չարձանագրեց: Իսկ այն խումբը, որն իրականում առանց կոֆեինի սուրճ էր խմել, հակառակը` ավելի լավ արդյունքներ դրսևորեց:
Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ եթե անգամ սուրճն ազդում է մարդու վրա, ապա նվազագույն կերպով, իսկ դրան վերագրվող մնացած ազդեցություններն ընդամենը սովորական ինքնաներշնչանք են:

Մեկ այլ կարծիք ևս 

Սուրճը տոնուսը բարձրացնող, միզամուղ, թարմացնող, ցավերը մեղմացնող, քունը վանող միջոց է:
Բայց կարող է նաև վնասակար ազդեցություն գործել՝ սրտի զարկերակն արագացնել, արյան ճնշումը բարձրացնել, գլխացավ ու անքնություն առաջացնել, դեմքին դեղին երանգ տալ:
Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճ խմելուց առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավելի) սկսում է հակառակ ազդեցություն թողնել. առաջանում է ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող:
Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպեից բարերար արդյունքը ցնդում է:
Աշխարհի ամենաթանկ սուրճը «Kopi Luwak»-ն է: Սա սուրճի եզակի տեսակ է, որի մշակման և պատրաստման եղանակները հայտնի են միայն Ինդոնեզիայի բնակիչներին:
Հետազոտությունների արդյունքում գիտնականները համոզվել են, որ սուրճն օգնում է կանխելու կրծքի, գլխի և պարանոցի քաղցկեղը: Եթե սուրճի չարաշահումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ապա չափավոր քանակությամբ սուրճի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանակությունը: Չափավոր է համարվում օրվա մեջ 2-5 բաժակը:
Այսօր սուրճն աշխարհի ամենահանրամատչելի ըմպելիքներից է: Ամեն քայլի հանդիպող սրճարաններում կտեսնես տաք և սառը էքսպրեսո, կապուչինո, նեսկաֆե, մակ և այլ տեսակներ, որոնց բաղադրության մեջ վնասը և հիվանդությունների հավանականությունը գերակշռում է օգտակարությանը:
Արժի, որ սուրճի երկրպագուները հետևեն իրենց առողջությանը և խմեն միայն որակյալ սուրճ…

Սուրճը երկարացնում է կյանքը ...

Շատ ապրելու համար շատ սուրճ խմեք: Վերջերս արված հետազոտությունները ցույց տվեցին, որ սուրճը՝ կոֆեինով թե առանց կոֆեինի, կարող է օգնել երկարացնել այն մարդկանց կյանքը, ովքեր պարտադիր օրական սուրճ են խմում: Օրական 2-3 բաժակ սուրճ խմող տղամարդիկ 10 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն ավելի երկար ապրելու, քան սուրճ չխմողները: Մինչդեռ կանանց նույնանման հնարավորությունը կազմում է 13 տոկոս: Հետազոտությունն իրականացրել է ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտը՝ իր «Դիետան և առողջությունը» հետազոտության շրջանակներում: Հետազոտվել է ավելի քան 402 հազար մարդ: Մի հետաքրքիր փաստ եւս. հետազոտության արդյունքում պարզվել է նաեւ, որ 2011-ի հունիսի դրությամբ՝ 1 տարվա ընթացքում ամերիկացիները 35,8 մլրդ դոլար արժեքով 77,4 մլրդ բաժակ սուրճ են խմել:

Հ. Գ. Այնուամենայնիվ, առաջարկում եմ ըմպել մեկ գավաթ հետաքրքիր բաղադրատոմսով սուրճ.

Բալով սուրճ
Հիանալի ըմպելիք, որը կարող է միաժամանակ և՛ թարմացնել, և՛ ուրախացնել, և՛ պարգևել հաճույք օրիգինալ խոհանոցի սիրահարներին: Պատրաստելու համար օշարակը, հյութը և սուրճը խառնել իրար, լցնել տաքացված բաժակների մեջ: Զարդարել բալի պտուղներով և վրան շաղ տալ քերած շոկոլադը:

Բաղադրությունը

Եփված սուրճ՝ 250 մլ
Բալի հյութ՝ 50 մլ
Հարած սերուցք՝ 50 գ
Բալ՝ 2 հատ
Քերած շոկոլադ
Շոկոլադե օշարակ՝ 100 գ
Բարի վայելում և անուշ ըմպում ... :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել