Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ ապրիլի 23-ին Թուրքիայում հաստատված թռչնագրիպի դեպքից հետո առանց արգելքի Թուրքիայից Հայաստան են ներկրվել բրոյլեր ճտեր, որոնք, չի բացառվում, որ իրենց մեջ արդեն կրում են H5N1 վիրուսը:

Հատկանշական է, որ թռչնագրիպի մասին լուրերը դեռևս մայիսի սկզբից առկա էին մամուլում: Համաձայն մամուլում առկա տեղեկատվության՝ անգամ Ադրբեջանը դեռևս մայիսի 5-ից արգելել էր թուրքական թռչնամսի ներկրումը, բայց, չգիտես ինչու, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպասում էր ինչ-որ բանի:

Ստեղծված իրավիճակին հրաշալի գնահատական է տվել նաև «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ մտահոգություն հայտնելով, որ հարևան երկրում բռնկված թռչնագրիպին մեր երկրում այնքան էլ լուրջ չեն վերաբերում, մինչդեռ դա խիստ վտանգավոր վարակ է, հատկապես որ այն հեշտությամբ տարածվում է չվող թռչունների օգնությամբ:

Սակայն այժմ էլ պատկան կառույցը փորձում է համոզել, թե արգելքը մի քանի օր ուշացնելը զուտ պատահականություն է և լավ աշխատանքի արդյունք: «Կենդանիների Համաշխարհային Կազմակերպության» պաշտոնական հայտարարությունը նշյալ կառույցի համար բավարար չէր, և նրանք որոշել էին ինքնուրույն հետազոտություն իրականացնել:

Նման անհեթեթ մեկնաբանություններ անելու փոխարեն, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ ուղղակի խոստովանել, որ սպասում էին Թուրքիայից արդեն Հայաստան ժամանող բեռի տեղ հասնելուն, որից հետո նոր տրվել է Թուրքիայից ներմուծման արգելքը: Ծառայության գործունեությունից տպավորություն է, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավ վիճակում են, քան թուրք-ադրբեջանական:

Այսքանից հետո, կարծում եմ, բոլորի համար էլ հասկանալի է դառնում, թե ինչում եմ պարբերաբար անդրադառնում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար կազմին՝ պետի՝ պատմության ուսուցիչ լինելուն կամ աշխատակազմի ղեկավարի՝ թուրքագետ լինելուն: Նրանք կարծես փորձում են նոր պատմություն կերտել:

Խնդրանք-հորդոր. պատմության մեջ մնալու այլ ճանապարհ գտեք: Ձեր անփութության հետևանքով վտանգում եք ոչ միայն Հայաստանի ողջ տնտեսությունը, այլև մարդկանց կյանքն ու առողջությունը: 
Զբաղվեք ձեր գործով:

Հ.Գ.
Կոչ եմ անում բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին, լրագրող ընկերներիս այս խնդրի վերաբերյալ հնարավորինս պարզաբանումներ ստանալ բոլոր շահագրգիռ կողմերից՝ ՊԵԿ, ԱՆ, ԳՆ (ոչ ՍԱՊԾ, հեքիաթի հավես չկա), ՀԿ-ներ, փորձագետներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել