Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովն, անշուշտ, կարևոր հանգրվան է լինելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Կարծում եմ, որ էականն այն է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ կայացրած որոշմանը հաջորդած եվրոպաշտոնյաների կողմից մեր երկրի հանդեպ ծավալած ծաղրուծանակի և հիասթափության հրապարակային դրսևորումներին հաջորդելու է արդեն ուկրաինական ճգնաժամի դասերի ազդեցության տակ ձևավորված ավելի հավասարակշիռ ու իրատեսական քաղաքական մոտեցումների ժամանակաշրջանը: Ես կարծում եմ, որ ԵՄ-ը միայն կշահի, եթե Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցի՝ հստակորեն միմյանցից տարանջատելով զուտ քաղաքական և տնտեսական բաղադրյալները և հրաժարվի մեկը մյուսով պայմանավորելու գործելակերպից: Հայաստանին առավելագույն տնտեսական արտոնությունները տրամադրելով՝ Բրյուսելը հնարավորություն կստանա ավելի դյուրին կերպով լուծել իր առջև ծառացող ռազմավարական, այդ թվում նաև քաղաքական, խնդիրները: Այս դեպքում, թերևս, արդարացված կլինի, եթե հենց պարոն Սերժ Սարգսյանը գլխավորի Հայաստանի պատվիրակությունը, սակայն տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն այնքան լարված ու արագընթաց բնույթ են ձեռք բերել, որ կարող են շատ կարճ ժամանակահատվածում միևնույն հարցի վերաբերյալ դիրքորոշման բազմակի փոփոխությունների հանգեցնել: Այդ առումով այնքան կարևոր չէ, թե ովքեր են լինելու ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները, որքան այն, թե ով է այդ պատվիրակության ղեկավարը լինելու: Եթե ԵՄ-ն համաձայնի Հայաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել իմ կողմից վերը նկարագրած տարբերակով, ապա գործնականում կստացվի, որ ՀՀ-ը հնարավորություն կունենա իր տնտեսական հարաբերություններն առանց քաղաքական նախապայմանների զարգացնել Արևմուտքի հետ՝ միաժամանակ հավատարիմ մնալով ԵՏՄ շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին: Ռիգայի գագաթնաժողովի օրերին ՀՀ և ԱՀ նախագահների կամ արտգործնախարարների հնարավոր հանդիպումը դժվար թե նկատելի արդյունքներ գրանցի: Դեռ շատ վաղ է Արցախի հարցով լուրջ առաջընթաց ակնկալել, քանզի կողմերի մոտեցումները չեն փոխվել, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ սահմանային գոտում իրավիճակը թեժ է մնալու, և կարող են նաև սրացումներ լինել հենց գագաթնաժողովի նախօրեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել