Պաշտպանության նախարարությունը մի շատ կարևոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի ընդունվելու դեպքում այսուհետ արտոնություններ կսահմանվեն այն ժամկետային զինծառայողների համար, ովքեր ընտանիքի միակ արու զավակն են։ Մասնավորապես նախատեսվում է, որ նման տղաները ծառայություն չեն անցնի սահմանի առաջնագծում ու ավելի քիչ կվտանգեն իրենց կյանքը։
Սա իրոք շատ կարևոր է։ Ոչ մի խոսք չի կարող լինել այն հարցում, որ մեր ամեն զինվորի կյանքն անգին է, բայց եթե մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ տարեկան մի քանի տասնյակ զինվոր է զոհվում սահմանային բախումների արդյունքում, իսկ բնակչության թիվը գնալով նվազում է, ապա անթույլատրելի շռայլություն է վտանգել գենֆոնդն ավելի շատ, քան հնարավոր է։
Կրկնում եմ, եթե տղան միակ արու զավակը չէ ընտանիքում, դրանից այդ զինվորի կյանքը պակաս արժեքավոր չի դառնում, սակայն եթե սպանվում է ընտանիքի միակ զավակը, դա բացի մարդկային ծանր կորուստից նշանակում է, որ հերթական հայ օջախի ծուխը մարեց, ու այդ օջախում էլ չի լինի պապական ազգանունը կրող մանկիկի ճիչ, ինչը սարսափելի է։
Այնպես որ, ողջունում եմ ՊՆ-ի այս նախաձեռնությունը, որն ավելորդ անգամ ցույց է տալիս, որ ի հեճուկս տարբեր դատարկախոսների՝ այս համակարգում ամենաշատն են մտածում մարդկային կյանքի ու սերունդների վերարտադրության մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1576417189290886&id=100007678606149&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել