Դասախոսներիցս մեկը (անունը չեմ հրապարակում, քանզի բավականին հայտնի է քաղաքական շրջանակներում) մի առիթով պատմեց, թե ինչպես Շիրակի մարզում զառամյալ մի մարդ հարց էր ուղղել իրեն առ այն, թե ինչո՞ւ պետությունը չի պայքարում համասեռամոլության դեմ: 

- Դե, պապի՛ ջան, 21-րդ դար է, աշխարհը և մարդկությունը ձգտում է դեպի ցիվիլիզացիա,- պատասխանել էր դասախոսս:
- Ծո՛, ցիվիլիզացիան ի՞նչ է,- զարմացել էր պապը,- ըդիգ ցիվիլիզացիա չէ, ըդիգ սիֆիլիզացիա է: 


Վստահ եմ՝ նույն պապիկը, այս օրերին Երևանում լինելով, պիտի հարցներ «Ծո՛, Հելոուինը ի՞նչ է...»


Նրանք, ովքեր գիտեն, թե որտեղի՛ց է գալիս և ի՛նչ է իրենից ներկայացնում այս տոնը, կարող են չկարդալ հոդվածը, սակայն բոլորը չեն, որ կիմանան կամ կգիտակցեն, թե ի՛նչ է այն տալիս տոնողներին:
Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերը, շատ էին սիրում իրենց ամենագլխավոր` տարեմուտի տոնը` Սամայնը: Տոնի օրը, որ համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում` հոկտ. 31-նոյ. 1), կելտերը մեծ խնջույքներ ու խրախճանքներ էին կազմակերպում, որ ուղեկցվում էին գինարբուքներով և անբարո տեսարաններով: Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների` կելտ քրմերի խարույկից (սրա հետ է կապվում դդումից պատրաստված լապտերների կիրառությունը Hallowen-ի տոնակարգում): Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ» կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում: Տոնի օրը հայտնի էր նաև կռապաշտական գուշակությունների և զանազան մոգությունների առատությամբ: 
Բրիտանիայի և իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ: 
835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը կատարել նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտ. 31-ի լույս նոյ. 1-ի գիշերը սկսեց կոչվել «All Hallows Eve» (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց Hallowen-ի: 
Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ, որպեսզի «Բոլոր սրբերի տոնը» բուն և փոխաբերական իմաստներով զգեստավորվի կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև նոր ժամանակներ: 
19-րդ դարում, երբ Իռլանդիայից ու Շոտլանդիայից մեծաթիվ գաղթականներ ուղղվեցին դեպի ամերիկյան մայրցամաք, նրանց հետ որպես դեռևս չվերացած մշակութային տարր Ամերիկա փոխադրվեցին նաև հելոուինյան սովորույթները, որոնք արդեն 20-րդ դարի սկզբին` որպես ուրախ սարսափ-տոն, պսեվդոմշակույթի ջատագով Ամերիկայում սկսեցին մեծ հռչակ վայելել և անգամ քարոզվել ամբողջ աշխարհում: 
Տոնի սարսափազդու հռչակն այնքան մեծ թափով աճեց, որ Եվրոպայում «ծնված» լինելով հանդերձ՝ այն Եվրոպա վերադարձավ որպես ամերիկյան տոն: Ավելին, այն որպես իրենց գլխավոր տոներից մեկը հռչակեցին չարի հետ գործարքի մեջ մտած մարդիկ. կախարդները, վհուկները, գուշակներն ու նեոհեթանոսները նոյեմբերի 1-ը համարում են տարվա մեջ իրենց 4 կարևոր տոներից մեկը, իսկ սատանիստները այդ գիշեր կատարում են «սև ծիսակարգ»` մարդկային զոհաբերումներ ու երկրպագություն սատանային: 

Այսպես` սա որպես համառոտ պատմական ակնարկ, սակայն այս ամենը մեզ` տոնը նշողներիս, մտածելու հետևյալ դրույթներն է առաջադրում` 
  • Մենք, լինելով քրիստոնյաներ, սիրահոժար տոնում ենք կռապաշտ-հեթանոսական տոնը: Էլ ո՞ւր մնաց մեր քրիստոնեությունը: Անշուշտ, Հայաստանում կան հեթանոսության հետևորդներ, սակայն նրանց համար էլ այս տոնը պետք է որ օտար ու հիմնավորված չլինի: 
  • Լինելով քրիստոնյաներ` տոնում ենք Հելոուինը որպես «Բոլոր սրբերի տոն», սակայն իրականում այդ տոնը կարելի է ծաղր համարել սրբերի հասցեին, քանի որ քրիստոնյաները զգեստավորվում են չարը խորհրդանշող հանդերձներով, դիմակներով և այլ պարագաներով: Բացի այդ՝ Հայոց Եկեղեցում «Տօն ամենայն սրբոց, հնից եւ նորից, յայտից եւ անյայտից»-ը շարժական տոն է և չի նշվում պարտադիր նոյեմերի 1-ին (2012-ին, օրինակ, կնշվի նոյեմբերի 3-ին): Այս տոնի օրը, ի հակադրություն հեթանոսական խրախճանքների, հայոց եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:
  • Մի վերջին տարբերակ էլ մնում է այն, որ մենք` քրիստոնյաներս, տոնելով Հելոուինը, կամա, թե ակամա ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքների մեջ և ստրուկն ենք դառնում չարի` ի հակադրություն Քրիստոսի արյան գնով չարից փրկագործված լինելու հանգամանքի...
Կարճ ասած` ամոթ մեզ: 
Վերջերս ընթերցում էի հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գիրքը ժողովրդական տոների մասին և հանդիպեցի մի շատ հետաքրքիր մտքի այն մասին, որ օտարածին տոները մեր կյանք ու տոնացույց մուտք են գործում սոսկ այն պատճառով, որ մենք չենք ճանաչում մեր պատմական, ազգային-ժողովրդական և եկեղեցական հարյուրավոր տոները, չենք գիտակցում դրանց խորքային-իմաստաբանական կարևորությունը և գեղեցկությունը: Ցավալի է... 

Այսքանով հանդերձ միայն մի բան է մնում հիշեցնել` որպես խրատ Hallowen-ին հետևողներին, հիշեցնել Սուրբ Պողոս առաքյալի մարգարեացումը.
«Վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է» (Ա Տիմոթ. 4:1-2):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել