ՀՀ Սահմանադրություն՝ «Հայաստանը սոցիալական երկիր է»
ՀՀ Սահմանադրություն՝ «ՀՀ-ում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»

Այս երկուսը որոշակի հակասության մեջ են մտնում երբեմն, ու խնդիր է ծագում այնպիսի լուծումների, որպեսզի ճիշտ բալանսը պահպանվի։ Ցավոք, մեր ոչ դատական համակարգը, ոչ դատական պրակտիկան, ոչ օրենքները ու ոչ էլ ՍԴ-ն Սահմանադրությանը որպես Սահմանադրություն չեն մոտենում։ Կենսաթոշակային ռեֆորմի ՍԴ որոշումն էլ ձեզ օրինակ, հատկապես սեփականության իրավունքի իբր գերակա իրավունքը սոցիալական պաշտպանվածության հանդեպ՝ ոչինչ չասող բառակույտ հիմնավորումներով։

Այժմ պրակտիկան։ Հայաստանի ստեղծած «արդարադատությունն» իր սատելիտներով, հատկապես հարկադիր կատարմամբ, որոշել են, որ սեփականության իրավունքը մեր Սահմանադրության միակ հիմնարար իրավունքն է։ Տնից վտարելու և այլ հուզական դեպքերը մի կողմ դնեմ, ու բերեմ երկու այլ պրակտիկա։
Մեկը հաշվի վրա կալանք դնելն է։ Մարդուն զրկում են սեփականության իրավունքից, քանի որ պարտքեր ունի, այսինքն պաշտպանում են երրորդ կողմի սեփականության իրավունքը։ Բայց, օրինակ, այդ հաշվին նստում է մոր՝ երեխայի օգնության միանվագ նպաստը, այսինքն պետության սոցիալական քաղաքականությամբ նորածին երեխայի նախատեսված նպաստը, ու միանգամից այն գանձվում է ի օգուտ երրորդ կողմի։ Հարց, Հայաստանը սոցիալական երկի՞ր է։

Հաջորդ օրինակը։ Բանկերը երաշխիքների հիման վրա վարկեր են տալիս, ու եթե վարկառուն չի մարում գումարը, երաշխիք տված անձինք իրենց ամեն ինչով դառնում են պատասխանատու բանկի առաջ, ու հարկադիրը սկսում է կամայականորեն որոշել՝ ինչը, ումից ու ինչպես գանձի։ Գործընթացը տեղի է ունենում բացառապես ֆեոդալ-ճորտ հարաբերության տեսքով, երաշխավորության տված անձի ոչ մի սոցիալական իրավունք հաշվի չի առնվում, ու այդ թուղթը դառնում է առավել զորեղ, քան գրավը։

Համեմատության համար ԱՄՆ-ում պարտատուն կարող է ինքն իրեն սնանկ համարել, որի հիման վրա բռնագանձվի իր գույքը։ Սակայն բռնագանձումը չի տարածվում երեխայի խնամքն ապահովող գույքի ու եկամուտի վրա։ Չի տարածվում նաև որոշակի հարկերի վրա։ Մեզ մոտ նույնիսկ սա չի կանոնակարգված, ինձ թվում է՝ հարկերը մուծում են բյուջե, հետո են բռնագանձում եկամուտը։ Կանոնակարգված չէ, ու շահերն են որոշում, թե ինչը ինչպես։

Հարկադիր կատարման պրակտիկան դարձել է հակասահմանադրական մոնստր, որն առաջնորդվում է միայն մի անձի սեփականության իրավունքների պաշտպանությամբ՝ ի հաշիվ մեկ այլ անձի սեփականության իրավունքի։ Սահմանադրության միայն մի կետի գերակա դարձնելը մյուսների նկատմամբ ու դրա համար մի մեծ «ստացող» կառույց ստեղծելն է Հայաստանը դարձրել բռի կապիտալիստական։ Ցավալին այն է, որ օրենսդրորեն նաև ամրագրել են բավական մեծ մոտիվացիոն համակարգ, որով հարկադիրն իր հաճախ ոչ սահմանադրական գործողությունների համար պարգևատրում է ստանում։ Այս ոլորտը ոտից գլուխ ռեֆորմի է պետք ենթարկել, իսկ մարդու սոցիալական պաշտպանվածությունն էլ պետք է հանրային օրակարգ մտցնել։

ՀԳ
Ի դեպ, հարց է ծագում, թե ինչու հարկադիրը պարտատուներից չի վերցնում հագի հագուստը, լրիվ մերկացնում ու դեն նետում փողոց։ Շատ լավ հարց է, ու քանի որ սոցիալական նորմերի մասին ոչինչ օրենսդիր ու դատական մարմինները չեն խոսում, այսինքն՝ այդ երևույթը պայմանավորված չէ մարդկանց սոցիալական իրավունքներով, տակը մնում է մի բան՝ բարոյականը։ Ու սա սուտ չի, մեզ մոտ բարոյապաշտությունն է փոխարինում իրավական երկրին, մամուլում աղմուկ կլինի՝ տնից չեն վտարի, չի լինի՝ կվտարեն։ 
Իրավական Հայաստան եմ ուզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել