Մեկ-մեկ էլ ՏՄՊՊՀ-ն է կթողներին կթում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դարձել է դակիչ մարմին: Հանրային ոլորտն սպասարկող ընկերություններից ով ինչ սակագին ուզում՝ բերում է հանձնաժողով ու «անցկացնում»: Սկզբում իբր քննարկում են ամիսներ շարունակ (այդ ընթացքում դոլարի կուրսն արհեստականորեն բարձրացնում են, որ գնի բարձրացումը հիմնավորեն, ինչն էլ նպաստում է տարատեսակ ապրանքների գների բարձրացմանը. դե ժողովուրդն ասում է, չէ՞, «ղալբ եզանը մի հո է պետք»), հետո սակագնի բարձրացումը հաստատում այդ առթիվ բողոքի ցույցերն ու ցուցարարներին ճնշելու պայմաններում: 2 տարում արդեն 3 անգամ էներգիայի գին բարձրացրին ժողովրդի մեծ մասի ծայրահեղ աղքատության պայմաններում: Մի կողմ թողած էներգետիկ ոլորտի՝ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը, որ տեղի ունեցավ 1998 թվի իշխանափոխությունից մի փոքր անց (ու անօրինական, քանի որ 1995 թվի Ազգային ժողովի օրինագծով արգելված էր այդ ոլորտը սեփականաշնորհել՝ որպես ռազմավարական կառույց), դեռ օտարերկրյա սեփականատերն էլ փորձում է ժողովրդի «կաշվից հանել» իր իբր թե «կորուստներն» ու վնասները: Եթե այդ համակարգը վնասով է աշխատում, ինչո՞ւ է ղեկավարությունն ահռելի աշխատավարձեր ստանում ու ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ «բարեգործություններով» հանդես գալիս. ո՞ւմ հաշվին՝ շարքային ժողովրդի՞: Իսկ որ այս ոլորտում չարաշահումներ առկա են, ապացուցվում է նրանով, որ ժամանակ առ ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սրանց տուգանում է՝ փորձելով ցույց տալ, որ «տան տղամարդն» ինքն է և ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (փաստորեն կթում է ժողովրդին կթողներին, բայց դրանից միայն պետբյուջեն կարող է շահել, եթե տուգանքը վճարում են և ոչ թե բողոքարկում ու չեղյալ համարում): Փաստորեն, մեր երկրի ջուրն ու այդ ջրից ստացվող էներգիան մեր վրա տասնապատիկ թանկ վաճառում են. այլ կերպ՝ դարձել ենք կիսագաղութային երկիր, ու այդ մասին լավագույն դեպքում կարող է արձանագրվել պատմության դասագրքերում մի 50 տարի հետո: Էլ ո՞ւր մնաց անկախությունը...