Հայ իրականության մեծագույն միստերիան դարձել է Լիսկայի որդու անպատժելիության ֆենոմենը։ Ես հռետորական մի հարց ունեմ. էլ ի՞նչ պետք է անի սույն արժանավոր մարդու որդին, որպեսզի մեր իրավապահները վերջապես զբաղվեն նրանով հավուր պատշաճի։ Դեռ 30 տարեկանը չբոլորած այս լակոտի մասին պարբերաբար կարդում եմ մամուլում վերջին տարիների ընթացքում ու ոչ մի դրական բան դեռ չեմ լսել։ Փոխարենը գիտե՞ք՝ ինչ հրապարակումներ եմ հիշում. Լիսկայի որդին մարդ է մորթել, Լիսկայի որդին մարդ է ծեծել, Լիսկայի որդու մոտ զենք են գտել, Լիսկայի որդին իր ընկերների հետ հարբած երթևեկում է Գորիսում, Լիսկայի որդու մեքենան տուգանային հրապարակ է տարվել, քանի որ Լիսկայի որդին հարբած էր, Լիսկայի որդուն սպանության համար մեղադրանք չի ներկայացվել, Լիսկայի որդու պատճառով մարդը կորցրել է տեսողությունը...
Ինչ-որ հոլիվուդյան բլոգբասթերի սցենար է հիշեցնում, մինչդեռ ոչ մի չափազանցեցում չկա, կարող եք ինքներդ գուգլում որոնել նշածներից յուրաքանչյուրը և գտնել դրանք։
Ու այսքանից հետո ոստիկանությունն ու քննչական կոմիտեն մեզ համոզում են, որ սա ոչ թե սադիստ-ռեցեդեվիստ է, այլ անմեղ գառ, որը ոչ մի հանրային վտանգ չի ներկայացնում իրենից։ Կներեք, հանրային վտանգն էլ քանի՞ ձև ա լինում։ Սա հանրային վտանգ չի, սա մարդածին աղետ է, որին պետք է հրատապ մեկուսացնել հասարակությունից։ 
Ու այսքանով հանդերձ՝ ոչինչ չի արվում։ Չի արվում նույնիսկ այն, ինչ պետք է արվի համաձայն օրենքի։ Օրինակ՝ վերջին միջադեպի մասին, որի արդյունքում գորիսեցի մի տղայի աչք է վնասվել, գրել են բոլոր լրատվականները, կա տեսանյութ, որ տուժողի մայրը տեսախցիկի առջև կոնկրետ նշում է, որ իր որդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառողը եղել է հենց Լիսկայի որդյակը։ Այդքանով հանդերձ՝ ոստիկանությունը ոչ մի քայլ չի՞ ձեռնարկում։ Չէ՞ որ մամուլի հրապարակումն էլ իրավական առումով նաև հաղորդում է հանցագործության մասին, իսկ Լիսկայի որդուն անգամ հարցաքննության չեն կանչել, որ գոնե ձևական ճշտեն իրենից՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ։
Մոտս այնպիսի տպավորություն է, որ իրավապահներն էլ զահլա չունեն գլուխ դնելու դրա հետ և դիտավորյալ են այս կերպ վարվում, որպեսզի մարդիկ վերջնականապես գիտակցեն, որ օրենքն անզոր է Լիսկայի ու իր լակոտի դեմ, ու եթե հարցեր ունեք նրանց հետ, լուծեք այդ հարցերը, ինչպես կուզեք...
Ու այս ամենից հետո կրկին աչքերիս են գալիս այն խրոխտ ոստիկանները, որոնք պեչենի գողացողին էին բերման ենթարկում, այնպիսի պաթոսով, ասես Պաբլո Էսկոբարին բռնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել