«Գենացվալե» պանդոկի դեգեներացված PR միտքը հերթական դիստրոֆիկ գաղափարն է հղացել։ Հազիվ էինք մոռացել տհաճ վրացահայերենով «Համեցեք «Գենացվալե» պանդոկ» գովազդային հոլովակների շարքը, հիմա էլ սա՝ ավելի տգեղ, ավելի տգետ, ավելի ցածրամակարդակ... ու ոչ միայն նյարդայնացնող, այլև՝ վախեցնող։
Այս ոչ բարով բիզնեսմեններն այս անգամ, որոշել են ինքնասպան եղած, կամ մահվան եզրին գտնվող մարդու միջոցով գրավել մարդկանց։ Նախ ամեն «գրավել» չի, որ գովազդ է, և ամեն գովազդ չի, որ բարոյական է։ Այս մեկն իհարկե անբարո գովազդների շքերթում առաջիններից է, որը բարձր բարոյական արժեքներով մարդու մտքով հաստատ չէր անցնի։
Վարում ես մեքենադ Կոմիտաս փողոցով, մեկ էլ շոկը տալիս է վրադ։ Տեսնում ես, որ հեռվում մարդ է կախված։ Արագացնում ես մեքենայիդ ընթացքը, որ գնաս ու հասցնես օգնել այդ խեղճ մարդուն, որը սկզբից մտածում ես, թե այն աշխատակիցն է, ով փողոցային բաներներ է կախում ու փորձանքի մեջ է։ Խաչմերուկից արդեն հասկանում ես, որ էլ չես հասցնի, քանի որ մարդը չի շարժվում։ Հուսալքվում ես, հասկանում ես, որ ուշացել ես, նա արդեն մահացել է կամ գուցե ինքնասպան եղել։ Ավելի ես մոտենում նրան ու հանկարծ հասկանում, որ կախվածն ընդամենը տիկնիկ է, որն այնպես է սարքված, որ շատ հեշտ է իսկական մարդու հետ շփոթել։ Պարամետրերը շատ նման են սովորական միջահասակ մարդու պարամետրերին։
Հիմա հարց ձեզ խիստ կրեատիվ գովազդային գիգանտներ, իմ ու այլ ՀՀ քաղաքացիների այսքան հույզերն արժեի՞ն ձեր քոսոտ պանդոկի գովազդը։ Ես երկու անգամ վթարից հազիվ խույս տվեցի, երբ շտապում էի դեպի այդ կախված մարդը։ Եթե ինչ-որ մեկին մի բան լինի սրա պատճառով, մեղքը ձեր վրա՞ եք վերցնելու։
Հիմա հարց ձեզ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, մարմնի ո՞ր մասով եք մտածել, երբ նման գովազդ եք թույլատրել քաղաքում։ Հուսամ խելքի կգաք և այս վտանգավոր ու հակահիգենիկ աղբը կմաքրեք մեր քաղաքից․ Հարգանքներով։