Վերջերս շատ եմ հանդիպել այն հարցին, թե ինչն էր պատճառը, երբ Հայրենական մեծ պատերազմի և դրան նախորդող ու հաջորդող տնտեսական ծանր ճգնաժամային և սովի տարիներին Հայաստանում գրանցվել է աննախադեպ ծնելիության աճ, իսկ հիմա հակառակը: Ինչո՞ւ նման ծանր տարիներին գրեթե ցանկացած ընտանիքում ծնվում էր մինիմում 3 երեխա, իսկ հիմա՝ անհամեմատ ավելի լավ պայմաններում, մաքսիմում 2:
Ամենամեծ գլխավոր պատճառներից մեկը, թերևս, հոգեբանական գործոնն է:
Այն տարիներին երեխա ունենալուց հետո ծնողները համոզված էին, որ 10 տարի հետո իրենց երեխան դառնալու է իրենց օգնող անգնահատելի աշխատուժը: Գյուղական համայնքներում արդեն 8 տարեկանից երեխաները գնում էին կոլտնտեսություններում ծնողներին օգնելու, նաև օգնում էին փոքր քույրերին ու եղբայրներին պահելու հարցում, կատարում մանր-մունր կենցաղային աշխատանքներ: Իսկ քաղաքներում արդեն դառնում էին գործարաններում վարպետի օգնականներ և կատարում բազմաթիվ մանր աշխատանքներ: Իսկ ընդունվելուվ ԲՈՒՀ կամ միջին մասնագիտական կրթական հաստատություն՝ դառնում էին լրիվ անկախ, քանի որ կրթաթոշակը բավարարում էր 5 տարի առանց ծնողից կախված լինելու նորմալ ապրելու համար:
Իսկ հիմա՞: Մեզ մոտ այնպիսի ենթամշակույթ է ձևավորվել, որ երեխա ունենալուց հետո եթե ոչ ամբողջ կյանքդ, ապա առնվազն 20 տարի պիտի, կներեք արտահայտությանս համար, մակաբույծի նման պահել: Թանկ «շորիկներ», թանկ դպրոց, այֆոն, սուշիի փող, հետո կրթաթոշակ, ձեռքի ծախսելու փող, որ ընկերներից հետ չմնա, ապառիկով մեքենա, հետո բանակի ծախսեր ահռելի:
Ու նման «հոգատար» ու ծախսաշատ զավակ պահելը դարձավ ծնելիության կրճատման հիմնական պատճառներից մեկը: Սերունդը սկսեց սովորել չաշխատել ու մակաբույծի պես ապրել, նույնիսկ ծնողների համար դա դարձավ սովորական: Արդյունքում ունենք Երևան մոլում ձրի տորթի համար իրար ծեծող, ձրի ծաղիկի համար իրար հրմշտող, սեղանից մատաղի միս փախցնող, 5000 դրամով ընտրության գնացող հասարակություն:
Այս տենդենցը թե մինչև ուր կտանի՝ չգիտեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել