Վաղաժամ ծնված երեխաների համար նախատեսված ինտենսիվ թերապիայի բաժնում նորածիններին թերքաշ երեխաների համար նախատեսված հատուկ սարքերի մեջ են պահում։ Նրանց փոքրիկ մարմիններին մի շարք սնուցման համակարգեր են միացնում, քանի որ նրանց մոտ հիմնականում կլման ակտը դեռևս զարգացած չի լինում, ուստիև անհնար է լինում նրանց բնական եղանակով կերակրել։

Մայրիկները սովորաբար անհամբերությամբ են սպասում այն պահին, երբ առաջին անգամ կգրկեն իրենց մանկանը, ում 9 ամիս կրել են սեփական սրտի տակ։ Այնուամենայնիվ, թերքաշ և առողջական որոշակի խնդիրներ ունեցող բազում երեխաների ծնվելուց անմիջապես հետո տեղափոխում են ինտենսիվ թերապիայի բաժին, իսկ նրանց մայրիկներն ստիպված են լինում շաբաթներ, իսկ երբեմն անգամ ամիսներ սպասել իրենց երեխաներին գրկելու համար։

Ատլանտայի երեխաների առողջապահական կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ֆոտոնախագծեր է անցկացնում՝ այսպես կոչված «կենգուրուի խնամքի» մեթոդի մասին մարդկանց իրազեկելու համար։ «Կենգուրուի խնամք» ասվածը ոչ այլ ինչ է, քան մայրիկի բուժիչ գրկախառնությունը փոքրիկի հետ։ Ինտենսիվ խնամքի այն կենտրոնում, որտեղ անցկացվել է ֆոտոսեսիան, բուժվում են շնչառական, սրտային ու քաշի հետ կապված խնդիրներ ունեցող նորածինները։

Այստեղի բժիշկները բարձրորակ բուժծառայություն են մատուցում երեխաներին, սակայն ավանդական բժշկության մեթոդներն այստեղ համալրվում են կենգուրուի խնամքով։ Մասնագետները պնդում են, որ սերտ ֆիզիկական կոնտակտը նորածնի ու ծնողի միջև նպաստում է երեխայի առողջական վիճակի բարելավմանը, ինչպես նաև ավելի ամուր էմոցիոնալ կապ ստեղծում փոքրիկի ու նրա ծնողի միջև։

Կենգուրուի խնամք ստացող երեխաներն ավելի արագ են անհրաժեշտ քաշին գալիս, ավելի քիչ են արտասվում։ Նրանց մոտ կանոնավորվում է նաև շնչառությունը և սրտի աշխատանքը։ Այս մեթոդը բարերար ներգործություն է ունենում նաև մայրիկների առողջության վրա։ Այն նպաստում է նրանց սթրեսակայունությանն ու կաթնարտադրությանը։

Ինտենսիվ թերապիայի բաժնի բուժաշխատող Միրա Ռոլֆսն իր խոսքում նշել է.
Որոշ փոքրիկներ այնքան փխրուն են, որ նրանց միայն ծննդյան օրից շաբաթներ կամ ամիսներ անց կարելի է գրկել։ Երբ այս երեխաները մի փոքր մեծանում ու ուժ են հավաքում, բուժքույրների մի ամբողջ թիմ է պահանջվում լարերը տեղաշարժելու ու երեխային ապահով կերպով մոր գիրկը հանձնելու համար։ Մայրիկի գրկում երեխաներն այնպիսի ապաքինում են ստանում, որ ոչ մի տեխնոլոգիական սարք չի կարող ապահովել։ Դա մայրական ջերմ հպումների ուժն է։

Ատլանտայի բուժկենտրոնի այս ֆոտոշարքում պատկերված են մայրիկներ իրենց նորածինների հետ։ Մայրիկներից մեկն առաջին անգամ ֆոտոսեսիայի օրը գրկեց իր փոքրիկ երկվորյակներին։ Պատմելով իր տպավորությունների մասին՝ նա ասել է.

Դա նման է այն զգացողությանը, երբ ողջ տարի ծննդյանդ օրվան սպասելուց հետո տարեդարձիդ օրը բացում ես աչքերդ ու տեսնում լավագույն նվերը, որ կարող էիր ակնկալել։
Այս կնոջ զույգ բալիկները ծնվել էին սահմանված ժամանակից մի քանի ամիս առաջ, սակայն նրանց կյանքը հաջողվեց փրկել։ Կենգուրուի խնամքի ու ինտենսիվ թերապիայի շնորհիվ նրանք օր օրի ավելի են կազդուրվում։ Հիմա արդեն սարերի հետևում չէ այն օրը, երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից։



